ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դատավորների միությունում դիմություն-ընդդիմություն չկա, կաշկանդվածություն չունեմ, ինձ ճնշված չեմ զգում. Դատավոր Ստեփանյան

Դատավորների միությունում դիմություն-ընդդիմություն չկա, կաշկանդվածություն չունեմ, ինձ ճնշված չեմ զգում. Դատավոր Ստեփանյան

Դատավորների միությունը հետևել է ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանի հայտարարություններին ու ֆեյսբուքյան գրառմանը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Դատավորների միության փոխնախագահ, դատավոր Արթուր Ստեփանյանը։

Թե ինչ է պատրաստվում անել միությունը՝ այս պահին դատավորը չի բարձրաձայնի։

«Դա կքննարկվի, առանց որևէ որոշում կայացնելու չպատասխանեմ», - ասաց նա։
 

Գրիգոր Բեքմեզյանը, հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ հեռանում է ԲԴԽ-ից՝ համաձայն չլինելով Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ։

Դատավորն ընդգծեց՝ պետք է հետևի դատավորի վարքագծի կանոններին ու որևէ այլ մեկնաբանություն չի տա։

Արթուր Ստեփանյանը վստահեցրեց՝ ԲԴԽ-ի հետ կոնկրետ ձևավորված հարաբերություններ չունի Դատավորների միությունը։

«Ակնհայտ է, որ չկան, բայց եղել է, որ Ալեքսանդր Ազարյանը դիմել է ԲԴԽ, որից հետո ԲԴԽ-ն կատարել է որոշակի գործողություններ, ուղղակի ես չհասկացա՝ դա Ալեքսանդր Ազարյանի դիմումին ի պաստասխա՞ն էր, թե՞ ուղղակի։ Որպես այդպիսին՝ շփումներ չկան», - ընդգծեց նա։

Դատավորն ասաց, թե դատական իշխանությունում, այդ թվում՝ Դատավորների միությունում դիմություն-ընդդիմություն չկա։

«Մի համայնք է, բնականաբար, յուրաքանչյուրը կարող է ունենալ այլ կարծիք, դա չի նշանակում, որ մենք ընդդիմադիր կեցվածք ունենք», - ասաց Ստեփանյանը։

Դատավորը վստահեցրեց՝ կաշկանդվածություն չունի, իրեն ճնշված չի զգում։

  • Կիսվել: