կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը իրավական համայնքում շատ հարգված է. Գրիգոր Մինասյան

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը իրավական համայնքում շատ հարգված է. Գրիգոր Մինասյան

Կետ առ կետ կարող եմ արձանագրել, որ Դատավորների միության հայտարարությունն անհիմն է, եւ ուղղակի մտքեր են, որոնց պատշաճ ընթացակարգերով հնարավորություն չկա արձագանքելու: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Գրիգոր Մինասյանն ասաց, որ եթե դատավորը խախտում է անում, կարգապահական վարույթ է հարուցվում, այնուհետեւ ԲԴԽ-ն՝ սահմանադրական լիազորությունների շրջանակում պատասխանատվության է ենթարկում դատավորին:

Հիշեցնենք՝ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը երեկ հայտարարել էր, որ ԲԴԽ նախագահը ձեռնամուխ է եղել հեղինակավոր դատավորների լիազորությունները դադարեցնելուն: «Կարեն Անդրեասյանը, որպես կուսակցական գործիչ եւ նախկին արդարադատության նախարար, ներկայիս արդարադատության նախարարի հետ հանդիսանալով մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ են եղել դատավորների լիազորությունները դադարեցնելուն»,- նշված էր հայտարարությունում:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ ԲԴԽ-ն ընտրողաբար է մոտենում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Մինասյանն ասաց.

«Մենք նայում ենք, եթե նույն դատավորը նույն ծանրաբեռնվածության շրջանակներում, օրինակ՝ 9 գործ շատ պատշաճ ժամկետում հասցնում ու քննում է, բայց մեկ գործով ձգձգում է, եւ կոնկրետ իրավունք է ոտնահարվում, այստեղ հարց է առաջանում՝ ծանրաբեռնվածության շրջանակներում ինչո՞ւ է այս կամ այն գործը քննվում, իսկ մեկը թողնվում դարակներում: Այդ ծանրաբեռնվածությունը մատի փաթաթան սարքել պետք չի: Մեր քաղաքացիները 30 տարի դատական համակարգից դժգոհ են եղել: Մեր արդարադատության ոլորտն այն մակարդակի չէ, որով մենք կարող ենք ուրախանալ կամ հպարտանալ: Այն բոլոր ռեֆորմները՝ թե՛ օրենսդրական, թե՛ վեթինգի մեթոդոլոգիան կիրառում ենք միայն այն դեպքում, եթե կա դժգոհ քաղաքացի, խախտված մարդու իրավունք կամ Դատական օրենսգրքով սահմանված հոդվածների խախտում, դրա հիման վրա ենք առաջ տանում մեր գործերը: Ունենք ՄԻԵԴ-ի որոշումներ, որտեղ կոնկրետ գրված է դատավորի անուն-ազգանուն, որ այդ դատավորը խախտում է արել եւ բացարձակ հայտնի չէ, թե այդ դատավորն քաղաքական ինչ դիրքորոշում ունի»:

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի ինքը դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին, որի կողմից կայացված դատական ակտով, ըստ ՄԻԵԴ-ի, խախտվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքները, նախարարն ասաց. «Իրավական համայնքում որպես մասնագետ ինքը շատ հարգված է»:

Անդրադառնալով դատական համակարգում առկա խնդիներին, ինչպես նաեւ դատավորների գերծանրաբեռնվածությանը՝ Մինասյանն ասաց, որ դատական համակարգը գերծանրաբեռնված է, եւ գործադիրն իր լիազորությունների շրջանակներում դրան միտված ֆունկցիա իրականացնում է.

«Ամեն կերպով աշխատավարձ ենք բարձրացնում, նոր դատարաններ ենք ստեղծում, առաջին ատյանի դատավորների աշխատավարձն առաջաիկայում կբարձրանա»:

 

  • Կիսվել: