Դատավոր Արամ Գրիգորյանը պետք է «առյուծի սիրտ կերած լիներ» որ, Գագիկ Խաչատրյանին չկալանավորեր. պաշտպան
Արամ Գրիգորյանն այն դատավորն է, ով արդարացրեց Գագիկ Ծառուկյանին, դրանից հետո հնչեց՝ կաշառքի դիմաց է արդարացրել։ Հիմա նույն Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ, օրինակ, Գագիկ Խաչատրյանին չկալանավորեր: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի այն սակավաթիվ դատավորները, որոնք ի վիճակի են արդար որոշումներ կայացնել, հնարավորինս մեկուսացվում են հետաքրքրություն ունեցող գործերի քննությունից։
«Իսկ այն անձինք, որոնք համարձակվում են իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացնել, տեսնում ենք՝ ինչ արագությամբ, տարբեր պատճառաբանություններում նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, լիազորություններն են դադարեցվում, կամ հետո են թիրախավորվում։ Այստեղ կա որոշակի գործընթաց, որը ոչ իրավական է»,-նշեց Սարգսյանը։



