Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանի գործուղման համար փոխանցված և չծախսված գումարը վերադարձնել ԱԺ-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց արգելանքից հանել իր պաշտպանյալի բանկային հաշիվը, որին Գևորգյանի՝ Ստրասբուրգ գործուղման համար ԱԺ բյուջեից 400 հազար դրամից ավել գումար էր փոխանցվել։ Բացի այդ, ավիատոմսի գնման համար ԱԺ-ն ծախսել էր ավելի քանի 500 հազար դրամ, որն այլևս հնարավոր չէ վերադարձնել։
«Ի՞նչ կապ ունի նախորդ միջնորդությունը այս միջնորդության հետ, որը ներկայացվել է բոլորովին այլ հանգամանքերում և վերաբերում է ԱԺ ծախսերին, գումարը փոխանցվել է Արմեն Գևորգյանի հաշվեհամարին և հիմա թույլտվություն է պետք այն հետ փոխանցելու համար», - հարցրեց Սահակյանը՝ առարկելով դատարանի գործողությունների դեմ։