ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դատարանը բավարարել է Վլադիմիր Կարապետյանի՝ Նաիրի Հոխիկյանին ներկայացրած հերքման պահանջը

Դատարանը բավարարել է Վլադիմիր Կարապետյանի՝ Նաիրի Հոխիկյանին ներկայացրած հերքման պահանջը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն այսօր հարապարակել է Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով դատական ակտը:

Դատարանն ամբողջությամբ բավարարել է Վ. Կարապետյանի հերքման պահանջը, իսկ փոխհատուցման պահանջը բավարարել է մասնակի:

Հիշեցնենք՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունում Նաիրի Հոխիկյանն անդրադարձել էր 2019 թ. «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցին, ինչպես նաև այն ժամանակ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ու լրագրող Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը Ղարաբաղի հարցի շուրջ՝ ասելով. «Վովան (Վլադիմիր Կարապետյանը) ինձ ասաց, որ դու շատ ես Ադրբեջանի դեմ խոսում, Ադրբեջանի դեմ միջազգային դատարան ես դիմել և այլն, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք: Ես հարցնում եմ՝ ո՞նց եք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, իսկ առանց Ղարաբաղը տալու չեք կարող գնալ էդ ճանապարհով: Վլ. Կարապետյանն ինձ ասաց՝ իսկ ո՞վ է ասում, որ չենք տալու: Հարցնում եմ՝ բայց ո՞նց եք տալու. բանակը չի տա, ժողովուրդը չի տա: Ասում է՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»,- ասել էր Նաիրի Հոխիկյանը՝ նշելով, որ այս մասին իրեն պատմել է Լապշինը։

Նշենք, որ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում հերքել էր Նաիրի Հոխիկյանի կողմից իրեն վերագրված խոսքերը՝ ասելով. «Ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ այս խոսակցություններն ինձ հետ չեն անցկացվել: Ես երբեք չեմ լսել մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին, և ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը այդ մասին չեն հայտարարել ինձ հետ հանդիպմանը...»: 

Վարչապետի նախկին խոսնակ, ներկայումս Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Կարապետյանը ևս հերքել էր Նաիրի Հոխիկյանի կողմից իրեն վերագրված հայտարարությունը։

  • Կիսվել: