կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Փաշինյանի դատավճիռը և արդարացնել նրան

Դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Փաշինյանի դատավճիռը և արդարացնել նրան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Աղբյուրը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել «Մարտի 1»-ի անկարգությունների գործով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական մարտիրոսյանի նախագահությամբ, 2010թ հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը» և դատապարտել 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաեւ մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվել է:

2022թ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։ Հատկանշական է, որ ՄԻԵԴ-ը նման որոշում կայացրել է Փաշինյանի՝ արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում, հետևաբար, վերջինս ՀՀ կառավարության անունից առարկություններ չի ներկայացրել ՝ թողնելով, որ ՄԻԵԴ-ը միայն Փաշինյանի միակողմանի փաստարկների հիման վրա որոշում կայացնի։ Հենց այս պատճառով է, որ մասնագիտական հանրության շրջանում ՄԻԵԴ վճիռը մեկնաբանվել է որպես «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով կայացված վճիռ։

Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, թե խախտվել է նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան է դիմել։ 

 

  • Կիսվել: