երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել՝ պատժին հաշվակցելով 6 ամիս 6 օր

Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել՝ պատժին հաշվակցելով 6 ամիս 6 օր

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը։  Այն նախագահում է դատավոր Տիգրան Դավթյանը։

Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ին դատարանը հրապարակեց գործով վերդիկտը, որով մեղադրյալներ Վիգեն Գրիգորյանին, Արտակ Բեյբությանին, Վիգեն Մկրտչյանին, Արթուր Օհանյանին և Հրաչյա Երեմյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներով։

Արա Յաղջյանն արդարացվեց, դատարանը հռչակեց նրանց անմեղությունը։ Աշոտ Հակոբյանի մեղադրանքը վերաորակվեց, վերջինս մեղավոր ճանաչվեց խարդախություն կատարելու համար, որը տեղի է ունեցել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով և խոշոր չափերով։

Վերավորակվեց նաև Անդրանիկ Փիլոյանին առաջադրված մեղադրանքը։ Վերջինից մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալու համար։ Նա մեղավոր ճանաչվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև խարդախության համար։ Աշոտ Հակոբյանի և Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ կիրառված որպես այլընտրանքային միջոց գրավի չափը թողնվեց անփոփոխ։

Իսկ այսօր, լրացուցիչ դատալսման ընթացքում քննարկվում էր պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։ Պաշտպանները ներկայացրեցին իրենց վստահորդների կոչումները, բնութագրերը, պատերազմներին մասնակցելու հանգամանքները, ինչպես նաև փաստեր, որ նրանցից շատերն ունեն անչափահաս երեխաներ և համարվում են ընտանիքի միակ կերակրողը։

Ամբաստանյալ Անդրանիկ Փիլոյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանն նշեց, որ իրենք համաձայն չեն հրապարակված վերդիկտի հետ և բողոքարկելու են այն, այդ իսկ պատճառով մեղմացնող հանգամանք ներկայացնելն իմաստազուրկ է։

«Պաշտպանական կողմը վիճարկելու է այնքանով, որքանով պաշտպանության կողմի համոզմամբ պարոն Փիլոյանը չի կատարել իրեն մեղսագրված արարքը։ Հետևաբար, այս պահին խոսել պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանդամանքների մասին, կհակասի քիչ առաջ վկայակոչածս դիրքորոշմանը։ Ես դիրքորոշում չեմ հայտնում»,-նշեց Մանուկյանը։

Հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանը պահանջեց Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել 8 տարի ազատազրկում, պատժին հաշվակցել 6 ամիս 6 օր, որի ընթացքում Փիլոյանը կալանավորված է եղել․

«Միջնորդում եմ, որպես լրացուցիչ պատիժ նշանակել նաև հատուկ, զինվորական կոչումներից զրկում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: