ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատախազը միջնորդեց մերժել Ռուբեն Վարդազարյանի պաշտպանի միջնորդությունը

Դատախազը միջնորդեց մերժել Ռուբեն Վարդազարյանի պաշտպանի միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մայիսի 5-ին, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ընթացքում դատախազ Աշոտ Ժամկոչյանը միջնորդեց մերժել փաստաբան Արամ Օրբելյանի ներկայացրած միջնորդությունը ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու վերաբերյալ։

Դատախազի խոսքով՝ պաշտպանական կողմի հիմնավորումներն իրականում քաղաքական են։ Դրանցում ներկայացված են վերջին հինգ տարիների քաղաքական իրադարձությունները, եւ փորձ է արվում դրանք կապել Ռուբեն Վարդազարյանի քրեական գործին։ Իրավական փաստարկները բացակայում են միջնորդությունից։

«Քաղաքական գնահատականները ես իրավասու չեմ մեկնաբանելու, ես չեմ կարող գնահատական տալ՝ պարոն Վարդազարյանի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում քաղաքակա՞ն էր, թե՞ իրավական։ Այդ գնահատականները պետք է տրվեն իրավական փաստարկների հիմքով։ Որեւէ իրավական հիմք ներկայացված չէ, միջնորդությունում հակասական ու իրարամերժ մեկնաբանություններ կան։ Պաշտպանական կողմը պետք է ներկայացներ իրավական հիմքեր, օրինակ, որ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ չեն եղել այդ ժամանակահատվածում այլ քրեական գործեր, այն պարագայում, որ ձայնագրության բովանդակությունից պարզ է դառնում, որ իրականում եղել են այլ գործեր»,- ասաց դատախազը։

Նրա կարծիքով՝ պաշտպանական կողմը դատարանին ներկայացնում է ոչ թե հաստատված փաստարկներ է, այլ վարկած․ «Գտնում եմ, որ միջնորդությունը հիմնավոր եւ պատճառաբանված չէ, խնդրում եմ մերժել»։

 

  • Կիսվել: