շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կառուցապատողները համայնքային հողատարածքները ինքնակամ ներառել են շինհրապարակներում. Դատախազության միջնորդագիրը Երևանի քաղաքապետին

Կառուցապատողները համայնքային հողատարածքները ինքնակամ ներառել են շինհրապարակներում. Դատախազության միջնորդագիրը Երևանի քաղաքապետին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, պետության գույքային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, ուսումնասիրություններ է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այն շինհրապարակներում, որոնք տևական ժամանակ ցանկապատված են և ընդգրկում են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ։

Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի թիվ 405-Ն որոշումների համաձայն՝ կառուցապատվող հողամասին հարող և շինհրապարակի սահմաններում ներառված հողամասը կառուցապատողին տրամադրվում է վարձակալության: Շինարարության թույլտվությամբ սահմանված սկզբնական, իսկ ժամկետի երկարաձգման դեպքում՝ երկարաձգված ժամկետում կառուցապատումը չավարտվելու դեպքում, վարձակալության պայմանագիրը Երևանի քաղաքապետի կողմից ենթակա է միակողմանի վաղաժամկետ լուծման: Կառուցապատողը պարտավոր է Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում վերականգնել մայթը:

Գլխավոր դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում առկա են բազմաթիվ տարածքներ, որտեղ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (մայթ, փողոց) կառուցապատողների կողմից ինքնակամ ներառվել են շինարարական հրապարակներում: Այդ տարածքների վերաբերյալ Երևանի քաղաքապետի և կառուցապատողների միջև վարձակալության պայմանագրեր չեն կնքվել, մի շարք դեպքերում շինհրապարակների տարածքներում տևական ժամանակ աշխատանքներ չեն իրականացվում, իսկ մայթերի և փողոցների՝ շինհրապարակներում ներառումը լուրջ խոչընդոտներ է ստեղծել քաղաքացիների շարժի և տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

 

Գլխավոր դատախազության առաջարկությամբ՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է՝

  • Արամի փողոցում՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի հետնամասում առկա շինհրապարակում, ներառվել են համայնքային սեփականություն հանդիսացող՝ 8 քմ մակերեսով հողամաս (մայթ) և 49.9 քմ մակերեսով հատված Արամի փողոցից, իսկ գույքի հանդիպակաց ուղղությամբ՝ 84.9 քմ մակերեսով համայնքային նշանակության հողատարածքը գտնվում է փորված վիճակում:
  • Աբովյան և Արամի փողոցների հատման խաչմերուկի հարակից շինարարական հրապարակում ներառվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր՝ ընդհանուր 139,8 քմ մակերեսներով:
  • Արամի և Տերյան փողոցիների հատման խաչմերուկին հարակից շինարարական հրապարակի տարածքում ներառվել է ընդհանուր օգտագործման փողոց՝ 23,3 քմ մակերեսով:
  • «Մոսկվա» կինոթատրոնի հանդիպակաց հատվածում առկա շինհրապարակի ցանկապատը տեղադրված է համայնքային սեփականության հողամասում՝ 212 քմ մակերեսով, ընդհանուր օգտագործման փողոցի տարածքում՝ 45,9 քմ մակերեսով, իսկ շինհրապարակի անցումը տեղադրված է ընդհանուր օգտագործման փողոցի տարածքում՝ 98,8 քմ մակերեսով: «Մոսկվա» կինոթատրոնի հարակից շինարարական հրապարակի ցանկապատը տեղադրված է համայնքային սեփականության հողամասում՝ 502,4 քմ մակերեսով:

Դատախազության կողմից կատարված հարցումներով՝ վերոնշյալ տարածքների՝ ճարտարապետաշինարարական նախագծով առանձնացնելու և կառուցապատողների հետ վարձակալության պայմանագրեր կնքելու, համայնքային հողերի զավթման փաստերով կառուցապատողներին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև օրենքի խախտմամբ փորված փոսորակներ (փոսեր), որոնց վերաբերյալ առկա չեն անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր:

Երևան քաղաքում շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժման ոչ իրավաչափ սահմանափակումը վերացնելու, կառուցապատողների կողմից ինքնակամ զավթված՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ազատելու և նախկին տեսքի բերելու, հողամասերն ինքնակամ զավթած կառուցապատողների նկատմամբ վարչական պատասխանատվության համապատասխան միջոցներ կիրառելու, ինչպես նաև Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման պահանջների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով՝ Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին:

  • Կիսվել: