հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դատախազությունը ձեռնարկում է բոլոր միջոցները ՌԴ-ում ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնումն իրականացնելու համար

Դատախազությունը ձեռնարկում է բոլոր միջոցները ՌԴ-ում ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնումն իրականացնելու համար

Հանրապետական կուսակցության անդամ Ազգային ժողովի նախկին պատգամավոր հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը, որը առավել հայտնի է Ալրաղացի Լյով մականունով և որի ձերբակալման մասին այսօր հայտարարեց ոստիկանությունը, հնարավոր է՝ շուտով կտեղափոխվի Հայաստան:

«Այս պահին համապատասխան փաստաթղթերի փաթեթն է պատրաստում՝ արտահանձնման գործընթացի պատշաճ կամզակերպման համար ՌԴ իրավասու մարմիններին փոխանցելու նպատակով», PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա դժվարացավ հստակ ժամկետներ մատնանշել, թե երբ կարող է ավարտվել արտահանձնման գործընթացը:

«Արտահանձնումը իրավական այնպիսի գործըթնաց է, որը կախված է բամաթիվ գործոններից, ներքին գործընթացներից՝ անկախ նրանից որ երկրի մասին է խոսքը: Հետևաբար այս պահին հանձնման արդյունքների մասին խոսելը ժամանակավրեպ է», -ասաց Աբրահամյանը:

Այդուհանդերձ, նրա խոսքով, միջնորդությունը ներկայացնելուց հետո Հայաստանի դատախազությունն իր իրավասության սահմաններում կձեռնարկի բոլոր միջոցները՝ հետախուզման մեջ գտնվող և ՌԴ-ում ձերբակալված անձի հանձնումն իրականացնելու համար:

Հիշեցնենք՝ ՌԴ-ում նոյեմբերի 21-ին ձերբակալված Լևոն Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամ էր և երեք գումարումների խորհրդարանի պատգամավոր ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Նա եղել է Երևանի ալրաղացի գործարանի սկզբում բանվոր, հետո պահեստապետ, այնուհետև՝ փոխտնօրենը: 2002-ին արդեն եղել է գործարանի նախագահը: Հենց այստեղից էլ գալիս է նրա՝ «Ալրաղացի Լյովիկ» մականունը:

Լևոն Սարգսյանի նկատմամբ մեղադրանքները Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով առաջադրվեցին միայն 2018-ի ամռանը՝ իշխանափոխությունից հետո: Մինչ այդ նա համարվում էր իշխանությունների սիրելին ու նրան ներվում էր ամեն ինչ: Դեռևս 2018-ի ամռանը ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Լևոն Սարգսյանը եղել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքի պատվիրատուն: Այդ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, և 2011-ի մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

Արդեն իշխանափոխությունից հետո Արթուր Վանեցյանի ղեկավարած ԱԱԾ-ի կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը, որը լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:

Հարձակումը դյուրին դարձնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար Լևոն Սարգսյանը Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած և վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ-ի միջոցով ձեռք է բերել և խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

Նշված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործով 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լևոն Սարգսյանին պատկանող առանձնատանը և բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում` ծալվող խզակոթով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, փողատակային նռնականետ` իր նռնակներով, տարբեր տրամաչափի ավելի քան 4000 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն` այլ հանցագործություններում զենքի գործածված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով: Քրեական գործով բավարար ապացույցների համակցությամբ, Լևոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Բացի այդ, այս քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Լևոն Սարգսյանի ազգական Ս.Ղ-ին, որը կալանավորվել էր:

  • Կիսվել: