հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դատախազության հայտարարությունից ստացում է, որ Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է. Արամ Վարդևանյան

Դատախազության հայտարարությունից ստացում է, որ Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է. Արամ Վարդևանյան

Աշոտ Մինասյանն այս հայտարարության արդյունքում դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է։ Ստացվում է, որ այն նույն հոդվածով, որով մեղադրվում է Աշոտ Մինասյանը, չեն էլ կալանավորվում, բայց Աշոտ Մինասյանը կալանավորվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության մեկնաբանությանը։

Վարդևանյանի կարծիքով՝ օրերի հարց է Աշոտ Մինասյանի՝ ազատության մեջ լինելը։

«Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը շատ հաճախ է հանդես գալիս դատական ակտերում արտահայտված դիրքորոշումները հարգելու կոչերով, առաջարկում ենք այդ կոչին հետևելով հարգել Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ։

Բացի այդ, թեև մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցը կանխորոշող հանգամանք չէ, բայց քանի որ պարոն Վարդևանյանը հարցադրման մեջ շեշտադրել է, թե արդյոք նույն մեղադրանքով այլ գործերով այլ անձինք կալանքի տակ գտնվել են, թե ոչ, տեղեկացնում ենք, որ, օրինակ, նախաքննական նույն մարմնում քննված և 2017-2021թթ. դատարաններում ավարտված 10 անձի վերաբերյալ 10 գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 9 անձ։ Կամ՝ ամբողջ Хանրապետությունում 2021թ քննված և ավարտված 13 գործով նույն մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 8 անձ։ Ավելին, տարբեր տարիներին կալանավորման հիմքերի առկայությամբ անազատության մեջ գտնվել, իսկ հետագայում ազատազրկման են դատապարտվել ընդհուպ 1 ատրճանակ կամ մեկ ինքնաձիգ ապօրինի պահած անձինք։

Համենայն դեպս՝ նույն մեղադրանքով կալանքի տակ գտնված անձանցից որևէ մեկն ապօրինաբար չի պահել այնպիսի հրազեն ու ռազմամթերք, ինչ, ըստ մեղադրանքի, Աշոտ Մինասյանը, այն է՝ 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ՝ յուրաքանչյուրում 2160 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, տրոտիլ (․․․․)։

Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը որպես փաստաբան մասնակցել է Աշոտ Մինասյանի գործով վարույթին և նրան առաջադրված մեղադրանքին ծանոթ է, հարկ չենք համարում շարունակել թվարկել Մինասյանին պատկանող շինությունում հայտնաբերված ապօրինի պահված ռազմամթերքի տեսակները», - արձագանքել էին դատախազությունից։

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունն արձագանքել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրմանը, որը վերաբերում էր Աշոտ Մինասյանի կալանավորմանը։

  • Կիսվել: