ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատաիրավական համակարգում կան նվիրյալներ, կան դավաճաններ ու հոգով մաքուր անգրագետներ. Փաշինյան

Դատաիրավական համակարգում կան նվիրյալներ, կան դավաճաններ ու հոգով մաքուր անգրագետներ. Փաշինյան

Մենք չենք կարողացել լուծել ՀՀ-ում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը։ Այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով այն խնդիրները, որոնք չի հաջողվել լուծել 2019-ի ընթացքում։

«Դրա համար կա մեկ պատճառ, որովհետև մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի անկախ, վստահելի դատական համակարգ։ Ոչ թե մենք ուզում ենք իշխանության կամ հեղափոխության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ մենք իսկապես ուզում ենք Հայաստանում ունենալ անկախ դատական համակարգ։ Որովհետև եթե մենք ուզենանք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկայինի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց լուծած կլինեինք, և դրա համար մեկ-երկու զանգը, կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ։ Բայց մեր քաղաքական կամքն է, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը այլընտրանք չունի, ժողովրդավարությունից հետընթաց չի կարող լինել, այն միայն առաջընթաց պետք է ապրի»,- հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, տնտեսական և քաղաքական հետագա զարգացման կարևորագույն գրավականն է դատական անկախ համակարգը։

Նա նշեց, որ կառավարության 2019-ի ամենամեծ ձախողումը ժողովրդից գողացված գումարների վերադարձի գործընթացն է։

«Պետք է խոստովանեմ՝ այո, այդտեղ մենք ունենք անհաջողություն։ Այդ անհաջողությունն ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ։ Չնայած, զուտ վիճակագրորեն, օրինակ՝ ՀՔԾ-ն 2019-ին պետական բյուջե է վերադարձրել 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության ողջ պատմության ընթացքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, նախկինի համեմատ պետբյուջե վերադարձրած թվերը տասնապատկել են, բայց միևնույն է՝ համարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ունեն անհաջողություններ, որոնք ունեն մի քանի շերտ։

Շերտերից առաջինը, ըստ նրա, այն է, որ դատաիրավական համակարգում կան նվիրյալ, բարձր պրոֆեսիոնալներ և այն, ինչ ունենք, նրանց շուրջօրյա աշխատանքի շնորհիվ է։

 «Այսօր Հայաստանի դատական համակարգում կան բարձր պրոֆեսիոնալներ, որոնք ոչ թե լոյալ կամ ոչ լոյալ են որևէ կառավարության կամ իշխանության նկատմամբ, այլ նվիրված են իրենց աշխատանքին»,- ասաց վարչապետը։ Նա նաև հումորով նշեց, որ չի ասի, թե ինչ տոկոս են կազմում՝ ընդհանուր ֆոնը չփչացնելու համար։

Ըստ նրա, մեր դատաիրավական համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ և կան դավաճաններ: «Եվ դա մեզ համար լրջագույն խնդիր է: Մեր դատաիրավական համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են, մտքով...։ Շատ լեգիտիմ հարց է առաջանում՝ բա էս 2 տարի ինչո՞վ էիք զբաղված։ Զբաղված էինք հետևյալով. երբեք չենք ուզեցել և հիմա էլ չենք ուզում թացը չորին խառնել»,- նշեց Փաշինյանը։

Այնուհետև նա ավելացրեց.

«Բայց էլի ուզում եմ հիշել աստվածաշնչյան հայտնի պատմությունը, որը վերջին 10 տարիների ընթացքում մի քանի անգամ վկայակոչել եմ՝ Սոդոմի և Գոմորի կործանման պատմությունը և այս համատեքստում Աբրահամի և Աստծո երկխոսությունը: Երբ որ Աբրահամն իմանում է Սոդոմի և Գոմորի կործանման մասին կամ գուցե քաղաքը խառնում եմ, hարց է տալիս Աստծուն՝ եթե այդ քաղաքում 50 արդար լինի՝ կկործանե՞ս էդ քաղաքը, էդ քաղաքի հետ նաև 50 արդարներին: Պատասխանը լինում է հետևյալը, որ ո՛չ, չեմ կործանի: Ասում է՝ լավ, եթե 10 արդար լինի, կկործանե՞ս, ասում է՝ ո՛չ, եթե 10 արդար լինի էդ 10 արդարի համար չեմ կործանի էդ քաղաքը: Բանը հասնում է նրան, ասում է՝ եթե մեկ արդար լինի: Աստված լուծում է գտնում, ասում է՝ այդ մեկ արդարին կհանեմ քաղաքից, մնացածի հարցը կլուծեմ: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ դատաիրավական համակարգում կան 10 արդարներ, և ՀՀ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը դատաիրավական համակարգը քանդուքար չի արել միայն այդ 10 պայմանական կամ 50 արդարների շնորհիվ: Ես ուզում եմ այդ 50 արդարներին շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարության և ժողովրդի անունից»:

Նիկոլ Փաշինյանը 100 տոկոսով համոզվածություն հայտնեց, որ ընթացող քննությունների արդյունքներով կբացահայտվի երկար տարիներ Հայաստանում գոյություն ունեցած ամբողջ կոռուպցիոն համակարգը՝ իր բոլոր ճյուղերով, բոլոր գործող անձանց, բոլոր մեխանիզմներով և դրամաշրջանառությամբ:

«Համոզված եղեք, որ բոլոր կոռուպցիոներները կկանգնեն արդարադատության առաջ և ժողովրդից գողացվածը կվերադարձվի»,- հայտարարեց վարչապետը

  • Կիսվել: