կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դատաիրավական բարեփոխումների ճանապարհին կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք դանդաղեցնում են գործընթացը․ Վիգեն Քոչարյան

Դատաիրավական բարեփոխումների ճանապարհին կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք դանդաղեցնում են գործընթացը․ Վիգեն Քոչարյան

Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը կարծում է, որ դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին կան օբյեկտիվ դժվարություններ, որոնց պատճառով գործընթացի արագությունը շատ դժվար է ապահովել։

Երևանում կայացած հայ իրավաբանների համագումարում Քոչարյանն իր ելույթում նշեց, որ դատաիրավական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներն առնչվում են բավականին բարդ ոլորտի, մանավանդ որ 2018 թվականի արմատական իրադարձություններից հետո հանրության մեջ արագ փոփոխություններ տեսնելու մեծ ակնկալիքներ կան։  

«Եթե օրենսդիր կամ գործադիր իշխանության ներսում փոփոխությունները հնարավոր է ընտրությունների կամ նոր նշանակումների միջոցով արագ իրականացնել, ապա դատաիրավական ոլորտում ունենք շատ հստակ և օբյեկտիվ սահմանափակումներ, որոնք կապված են դատական իշխանության անկախ բնույթի, դատավորների անձեռնմխելիության և անփոխարինելիության նորմի հետ։ Հասարակության մեջ կար դժգոհություն և անվստահություն դատական իշխանության հանդեպ և կար նաև արագ փոփոխությունների հասնելու ցանկություն։ Այդուհանդերձ, մենք ունենք բազմաթիվ սահմանադրական, օրենսդրական կարգավորումներ, որոնց ընդունման ժամկետներն այդքան էլ չեն նպաստում բարեփոխումների արագ իրականացմանը»,- ասաց Քոչարյանը։

Այնուամենայնիվ, ԲԴԽ խորհրդի անդամը կարծում է, որ չնայած առկա սահմանափակումներին՝ բավականին մեծ աշխատանք է արվել դատաիրավական բարեփոխումների առումով, որոնք ապահովել են դրական տեղաշարժեր։ Օրինակ՝ իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ՝ կապված դատարանների կառուցվածքային փոփոխությունների, դատավորների քանակի ավելացման, նրանց ծանրաբեռնվածության նվազեցման, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման հետ։

«Մենք ձգտում ենք, որ փոփոխություններն իսկապես լինեն բովանդակային, որպեսզի Հայաստանում ունենանք իրոք անկախ և արդյունավետ գործող դատական համակարգ։ Ոչ ոք չի կարող վիճարկել, որ այդ փոփոխությունները խիստ անհրաժեշտ են։ Եթե նայենք միջին եվրոպական չափանիշներին, ապա հարյուր հազար բնակիչների թվով դատավորների միջին թվաքանակն այնտեղ 20-21 է, մինչդեռ Հայաստանում մենք ունենք մոտ յոթ դատավոր, այսինքն՝ քանակը երեք անգամ քիչ է միջին եվրոպական ցուցանիշից։ Պետք է ասել նաև, որ իրականացվող բարեփոխումների շնորհիվ աճում է մարդկանց վստահությունը դատական համակարգի նկատմամբ, քանի որ նրանք ավելի շատ են սկսում դիմել դատարաններ՝ իրենց խնդիրները լուծելու համար»,- ասաց ԲԴԽ անդամը։

Քոչարյանի դիտարկմամբ՝ մյուս կողմից քաղաքացիների ներկայացրած դատական հայցերի աճը հանգեցրել է մի իրավիճակի, որ դատավորներից յուրաքանչյուրն իր վարույթում կարող է ունենալ հարյուրից ավել գործեր, ինչը մեծ սթրես է հոգեբանական առումով, էլ չասած, թե գործնականում ինչպես կարելի է այդ ամենի տակից դուրս գալ։

«Բարձրագույն դատական խորհուրդը համագործակցում է կառավարության հետ՝ դատավորների հաստիքների ավելացման, նոր դատավորների նշանակման ուղղությամբ, և այդ առումով նույնպես կա զգալի առաջընթաց։ Վերջին երկու տարիներին հարյուրից ավել դատավորներ են սկսել իրենց գործունեությունը, ինչը Հայաստանի համար մեծ թիվ է։ Այս պահին մեր դատավորների ընդհանուր թվաքանակը երեք հարյուրից մի փոքր ավել է։ Նոր դատավորների նշանակման գործընթացը պետք է լինի շարունակական, ներառի երկու կարևոր բաղադրիչ՝ մի կողմից պետք է բավականացնեն պետության նյութական հնարավորությունները՝ որակյալ իրավաբաններ ներգրավելու առումով, մյուս կողմից օրենսդրական բարեփոխումներով պետք է թեթևացնել դատավորների ծանրաբեռնվածությունը, և հատկապես այն դեպքերում, եթե այս կամ այն խնդրի լուծման համար չկա ծայրահեղ անհրաժեշտություն, ապա դատավորներին չծանրաբեռնեն հավելյալ գործերով, որպեսզի քաղաքացիները ողջամիտ ժամկետում ստանան իրենց խնդիրների լուծումը հայաստանյան դատարաններում»,- եզրափակեց Բարձրագույն  դատական խորհրդի անդամը։     

  • Կիսվել: