ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չարչյանն առողջական ծանր վիճակում է. Վարդևանյան

Չարչյանն առողջական ծանր վիճակում է. Վարդևանյան

Չարչյանն առողջական ծանր վիճակում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդեւանյանը՝ Արմեն Չարչյանին ՛՛Վարդաշեն՛՛ ՔԿՀ-ում տեսակցելուց հետո:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Հանդիպեցինք պարոն Չարչյանի հետ. ՔԿՀ ղեկավար կազմի վերաբերյալ որեւէ մտահոգություն չունենք՝ իրենց պարտականությունները պատշաճ կատարում են, բայց եթե շաքարային դիաբետ ունեցողները նորմայում 50-60 միավոր ինսուլին են ստանում, պարոն Չարչյանը 90 եւ ավելի չափաբաժին է ընդունում: Պարոն Չարչյանը, իր բնավորության համաձայն, չի պնդում, որ մասնավոր ԲԿ տեղափոխեն, բայց նրա կալանավորումն անհապաղ պետք է վերացվի:

Հարգանք կա անձնակազմի կողմից, բայց նրա առողջությունը դրանով չի վերականգնվելու, պատահական չէ, որ, ըստ օրենսդրության, կալանքը որոշ իրավիճակներում անհամատեղելի է աողղջական վիճակի հետ, եւ այս դեպքերից մեկը Արմեն Չարչյանի դեպքն է: Հույս ունեմ, որ նրա խափանման միջոցն անհապաղ կվերացվի: Հիմքեր չկան, ավելին՝ վկաները դրական ցուցմունքներ են ներկայացրել դեպքի վերաբերյալ՛՛:

Ըստ փաստաբաի՝ Արմեն Չարչյանի վիճակը Նորք Մարաշ սրտաբանական մասնագիտացված ԲԿ-ում կայունացվել է, բայց սա այն բուժհաստատությունը չէ, որը կարող էր շաքարային դիաբետի առաջացրած բարդությունները կարգավորել:

Վարդեւանյանը հայտնեց, որ խմբակցության անդամները հանդիպել են նաեւ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության կալանավորված մյուս երկու պատգամավորների՝ Արթուր Սարգսյանի եւ Մխիթար Զաքարյանի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 24-ին:  Չարչյանի մոտ ախտորոշված է սրտամկանի սուր ինֆարկտ, զարկերակային հիպերտոնիա 3-րդ աստիճանի, սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ:

Արմեն Չարչյանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար:

  • Կիսվել: