շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ցանկանում եմ, որ կոռուպցիոն դրսևորումները մեր հասարակությունում հնարավորինս վերանան․ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

Ցանկանում եմ, որ կոռուպցիոն դրսևորումները մեր հասարակությունում հնարավորինս վերանան․ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը վստահեցնում է, որ ցանկանում է, որ կոռուպցիոն դրսևորումները հասարակությունում վերանան, պաշտոնում ընտրվելու դեպքում մտադիր է իր ներդրումն ունենալ այդ գործում:

Դանիելյանն այս մասին ասաց ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հավակնում նման բարձր պաշտոնի՝ Դանիելյանն ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ իրականացման, այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում առանցքային և խիստ կարևոր նշանակություն ունի ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման համատեքստում:

«Հնարավորության դեպքում ցանկանում եմ այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում իմ համեստ մասնակցությունը, ներդրումն ունենալ, իմ գիտելիքները, փորձառությունը, մասնագիտական և անձնական որակներն այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում ծառայեցնելու գործում: Ավելի պարզ ասած՝ ցանկանում եմ, որ այդ երևույթը՝ կոռուպցիոն դրսևորումները, մեր հասարակությունում հնարավորինս վերանա, կանխվի: Կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած ժողովրդավարական հասարակության առանցքային խնդիրներից է»,-ասաց թեկնածուն:

Նա ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի  գործիքակազմում առանցքային նշանակություն ունեն հակակոռուպցիոն մարմինները, այդ շարքում էական դեր է տրված մասնագիտացված դատարաններին: Իսկ այդ համակարգում իր առանցքային դերն ունի Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը:  

  • Կիսվել: