ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բրյուսովի փողոցից ամրաններ գողանալ փորձողները ձերբակալվել են

Բրյուսովի փողոցից ամրաններ գողանալ փորձողները ձերբակալվել են

Ապրիլի 2-ին, ժամը 4.50-ին, Երևանի պարեկները Բրյուսովի փողոցում, գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ երեք տղամարդու` իրենց վարած «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան Տիդա» մակնիշի մեքենաներով: Իսկ հիմնավոր կասկածն այն էր, որ նրանք փորձում էին շինարարական տարածքից գողանալ երկաթյա ամրաններ, ինչը նկատելով՝ պարեկները միջամտել ու բռնել էին նրանց:

Մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ 43-ամյա, 32-ամյա և 35-ամյա զարթոնքցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք նախկինում ևս նման գողություններ և գողության փորձեր են արել: Մասնավորապես, անցած տարվա նոյեմբերի 28-ին փորձել են ամրաններ գողանալ մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի մի շինհրապարակից, սակայն իրենց կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Իսկ հաջորդ երեք դեպքերում` դեկտեմբերի 1-ին, այս տարվա հունվարի 25-ին ու մարտի 3-ին, միշտ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, նույն շինհրապարակից գողացել են ամրաններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հատնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: