ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բերման է ենթարկվել 11 անձ, հարուցվել է քրգործ. Ոստիկանությունը՝ այսօրվա բախումների հետևանքների մասին

Բերման է ենթարկվել 11 անձ, հարուցվել է քրգործ. Ոստիկանությունը՝ այսօրվա բախումների հետևանքների մասին

Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Այս մասին ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։

Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն՛՛,-հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները, ըստ Սաղաթելյանի, դիմեցին սադրանքների, նրանց եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, կան բերման ենթարկվածներ ու տուժածներ:

 

  • Կիսվել: