ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Բերդի նախկին համայնքապետն ազատ կարձակվի

Բերդի նախկին համայնքապետն ազատ կարձակվի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ 

Նշենք, որ Բերդ համայնքի նախկին ղեկավարի անազատության մեջ գտնվելու ժամկետը լրանում է նոյեմբերի 10–ին։

Հավելենք, որ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 10–ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Դատարանը նոյեմբերի 11–ին բավարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը եւ Հարություն Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։

Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Բացի այդ՝ Հարություն Մանուչարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ կա նաեւ Քննչական կոմիտեում։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 9–ին կալանավորվել էր, եւ հոկտեմբերին Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց նրան։

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ Հարությունյանը, սակայն, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։

 

  • Կիսվել: