ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի. Վարդևանյան

ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի. Վարդևանյան

Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդման համաձայնությունը Բարձրագույն դատական խորհուրդը՝ ուշադրություն տվել է ՄԻԱՁԱՅՆ: Պատկերացնում եք Դատավորներին պաշտպանող կառույցը, ՄԻԱՁԱՅՆ ասում է՝ հետապնդեք Դատավորին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որոշ ժամանակ առաջ ասել էի ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող, հավասարակշռված ու պրոֆեսիոնալ վարք ու վարկ ունեցող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի:

Բոլորի համար պարզ է, որ ԲԴԽ-ն, լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում։ Եթե այս իշխանությունը որոշի պատժել հենց ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն դա էլ կանի՝ իրենք իրենց կպատժեն. Առանց հարցնելու, հեզ ու խոնարհաբար։

Չափազանց կարևոր է, որ մասնագիտական համայնքը դիրքորոշում է արտահայտում այս խայտառակ բռնապետական իրավիճակի վերաբերյալ և ցանկացած միջոցառման ինքս ևս մասնակցելու եմ:

Հիշեցման կարգով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողի պաշտոնավարման հարցով (ի թիվս այլի՝ 65 տարին լրանալու մասով) դիմել էինք Սահմանադրական դատարան, այդ գործով նիստը նշանակված է ս.թ. փետրվարի 8-ին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին ԲԴԽ-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:

Օրեր առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ  փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և  նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։

Դատավորների միությունը երեկ մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Այսօր մի խումբ դատավորներ պատրաստակամություն են հայտնել հավաքվելու են Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրի (ք.Երևան, Նազարբեկյան 40) մոտ' ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի և հանուն դատավորների ֆունկցիոնալ ազատության և դատական իշխանության անկախության։

  • Կիսվել: