ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը. Մարուքյան

Բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանի համար կարևոր է սահմանադրական բարեփոխումների այնպիսի գործընթաց ունենալը, որը երկրում կբերի ոչ թե նոր բաժանումներ, այլ համերաշխության ու համախմբման: Այս մասին նա ասաց  Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում:

Մարուքյանը, մասնավորապես, նշեց.  «Մենք պետք է կարողանանք ունենալ այնպիսի գործընթաց, որ այն ոչ թե նոր բաժանումներ բերի մեր երկրում, այլ համերաշխություն և համախմբում: Եվ պետք է ամեն ինչ անել, որ այդ համերաշխությունն ու համախմբումը լինի մայր օրենքի՝ Սահմանադրության տեքստի շուրջ, առանց որի ես նաև չեմ տեսնում հանրաքվեի միջոցով այդ տեքստի ընդունում, եթե չեղավ հանրային լավ կոնսոլիդացիա, մեր սահմանադրական հանրաքվեի բարիերն այնքան բարձր է, որ անհնար կլինի ուղղակի թեկուզ ամենալավ գրված տեքստը դարձնել ՀՀ սահմանադրություն»:

Նախորդ բարեփոխումների ընթացքում, Մարուքյանի խոսքով, իր քաղաքական ուժին չի հաջողվել առաջարկներով, լոբբինգով այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ լինի իրական խորհրդարանական համակարգ, իրական հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմներ, անկախ ինստիտուտներ ունենալ: «Եվ ունենանք Սահմանադրություն, որտեղ հստակ նշված է, թե ով է տարածքային ամբողջականության երաշխավորը, օրինակ` այս Սահմանադրության մեջ հստակ չկա նման բան, իսկ նախկին Սահմանադրություններում կար, և էլի շատ հարցեր»,-ասաց նա:

Ըստ Մարուքյանի՝ ակնհայտ է մի բան, որ բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը:

  • Կիսվել: