ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բարեփոխումների շնորհիվ գրանցվել են շոշափելի արդյունքներ, որոնց ազդեցությունը երևում է արդարադատության համակարգի վրա․ փոխնախարար

Բարեփոխումների շնորհիվ գրանցվել են շոշափելի արդյունքներ, որոնց ազդեցությունը երևում է արդարադատության համակարգի վրա․ փոխնախարար

ՀՀ Արդարադատության նախարարության, ԵՄ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև համագործակցությունը բավականին երկար և արդյունավետ պատմություն ունի։ Հայկական կողմը փոխգործակցության շրջանակում, ըստ էության, ծածկում է արդարադատության լիազորությունների ներքո գտնվող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ գրանցելով շատ շոշափելի արդյունքներ, որոնց ազդեցությունն արդեն երևում է արդարադատության համակարգի վրա։   

Այս տեսակետը հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը  ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարության և գործողությունների ծրագրի էլեկտրոնային հարթակի գործարկմանը նվիրված միջոցառման ժամանակ։

«Հայաստանում դատական և իրավական բարեփոխումները գտնվում են կառավարության առաջնահերթությունների շարքում։ Դա ամրագրված է որպես գերակա ուղղություն գործադիր մարմնի գործողությունների ծրագրի շրջանակում և համապարփակված է արդեն երրորդ դատաիրավական ռազմավարության միասնական փաստաթղթի տեսքով, որն այս անգամ ընդգրկում է 2022-26 թվականների ժամանակահատվածը։ Ռազմավարական բարեփոխումների առաջնային կարևորություն ունեցող բաղադրիչներն, իհարկե, հաղորդակցման և դրանց հասցեատերերի, շահառուների հետ աշխատանքն է»,- նշեց Կարապետյանը։

Պետության կողմից իրաականացվող ցանկացած բարեփոխում և դրա արդյունքները պետք է հասանելի լինեն ՀՀ քաղաքացիներին՝ այդ բարեփոխումների ուղիղ շահառուներին։ Բնականաբար, բոլոր ռազմավարական փաստաթղթերի արդյունավետությունը անմիջական կապի մեջ է այդ փաստաթղթերի մշակման փուլում իրականացված մոնիթորինգային ցուցանիշների հետ, այսինքն՝ որքան ավելի տեղեկատվական հենքի վրա է զարգացած ռազմավարական փաստաթուղթը, այնքան բարձր է դրա իրականացման արդյունավետությունը։ Նշված երկու հիմնական գաղափարների և նպատակների լույսի ներքո մշակվել, գործարկվել և պաշտոնապես հանրությանն է ներկայացվել դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և վերջինիս գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման էլեկտրոնային հարթակը։

«Տվյալ հարթակն ունի ոչ միայն հանրային իրազեկման հիմնական գործառույթ, այլև հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին ուղիղ, արագ, արդյունավետ և ժամանակակից մեխանիզմներով իրենց հաշվետվություններն ու կատարողականները ներառել, ներկայացնել թե՛ պետական մարմիններին, թե՛ լայն հասարակությանը», եզրափակեց իր խոսքը ՀՀ արդարադատության փոխնաախարարը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին ցուցաբերած աջակցության և արգասաբեր համագործակցության համար։

Հավելենք, որ վերոհիշյալ հարթակը մշակվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Բնակչության հիմնադրամի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այն նպատակ ունի նպաստել դատաիրավական ոլորտի Ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետ մշտադիտարկման գործընթացին։

Հարթակի մշակումն աջակցություն է ստացել Սահմանադրական բարեփոխումների բաղադրիչի շրջանակում՝ հաշվի առնելով փոխկապակցվածությունը դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հետ։ Կարևորելով այս ամենը՝ էլեկտրոնային հարթակը ծառայելու է որպես լրացուցիչ գործիք՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

2023 թվականի հունիսից հարթակը գործում է և հասանելի է հետևյալ հղումով՝ www.datairav.am:

  • Կիսվել: