երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Բա սրան առաջին պլան կբերե՞ն». Գեղամ Մանուկյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի մասին

«Բա սրան առաջին պլան կբերե՞ն». Գեղամ Մանուկյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի մասին

Երևանի կրկեսի տնօրեն կա՝ Սոս Պետրոսյանը, մի այսպիսի արդեն թևավոր արտահայտություն ունի՝ բա սրան առաջին պլան կբերե՞ն: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի թեկնածությունը քննարկելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը

Այնուհետեւ դիմելով Արմեն Դանիելյանին՝ Գեղամ Մանուկյանը ասաց, որ փաստաբանների և ամբաստանյալների շրջանում հայտնի է, երբ որ Վերաքննիչ դատարանում գործը մակագրվել է իրեն, ապա շատ հաճախ փաստաբանները և բողոք ներկայացնողներն ուղղակի չեն էլ հետաքրքրվել, թե Վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանն ինչ որոշում է կայացնելու:

«Ըստ ձեզ, ի՞նչն է պատճառն, որ ի սկզբանե դատավոր  Արմեն Դանիելյանին մակագրված  քրեական գործերի հետ կապված փաստաբաններն ի սկզբանե կանխորոշված են համարել, թե ինչ որոշում է կայացվելու»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Դանիելյանը Մանուկյանից ճշտեց, թե հարցը հնչեցվում է իրեն քննադատելո՞ւ համատեքստում և, ստանալով դրական պատասխան, շարունակեց. «Ես բավականին մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում ցանկացած քննադատության, սակայն քննադատությունը, ըստ իս, պետք է լինի առողջ: Քննադատության վերաբերյալ դատողությունները պետք է հնչեցվեն անկողմնակալ և  քիչ, թե շատ օբյեկտիվ դիտորդի համատեքստում: Բացի այդ, քննադատության մեջ ներառված բաղադրիչների քիչ, թե շատ օբյեկտիվ, գնհատողական դատողություն անելու համար երեւի թե պետք է հարցին անդրադառնալ խնդրո առաջրկային առնչվող բոլոր  փաստական հանգամանքներին եւ դրանցում ներառված բաղադրիչների վերլուծության եւ գնահատման համատեքստում»:

Գեղամ Մանուկյանը, ակնարկելով պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշումը, կրկին հարցրեց, թե դատավորը, որը կայացնում է վճիռ և հետո Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական է համարում և կայացնում է հակառակ վճիռ, այդ դատավորի հետագա գործողություններն ինչպիսի՞ն պետք է լինեն:

Արմեն Դանիելյանը հայտնեց որ մատնանշված դատական ակտը հրապարակային է,  բոլորը կարող են ծանոթանալ և, բերելով դատավորի զսպվածության նորմի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվեց պատասխանել հարցին:

  • Կիսվել: