երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են. ՄԻՊ-ը՝ Տեղ գյուղի բնակչի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման մասին

Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են. ՄԻՊ-ը՝ Տեղ գյուղի բնակչի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հունվարի 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից Տեղ գյուղի բնակչի առջանգման դեպքին:

՛՛Սյունիքի մարզի Տեղ գյուղի խաղաղ բնակչին ադրբեջանական զինված ծառայողները հունվարի 13-ին ակնհայտ անօրինական ազատությունից զրկել ու առևանգել են, թույլ են տվել նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք (օրինակ՝ խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել): Խախտել են նրա սեփականության իրավունքը՝ հափշտակելով 320-350 հատ (ճշտված տվյալով) ոչխար: Մինչև հիմա ոչինչ չեն վերադարձրել, որով մարդուն արդեն պատճառել են հոգեկան լուրջ ապրումներ, իր ընտանիքով կանգնեցրել են սոցիալական լրջագույն խնդրի առաջ:

Չպետք է մոռանանք, որ խոսքը սովորական մարդկային ճակատագրերի մասին է, տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած ապրուստ, ընտանիքի եկամուտ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու բնական իրավունք: Մարդիկ ապրում են իրենց ու ընտանիքների կյանքի ու ապրուստի համար իրական անհանգստության մեջ:

Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են: Բայց այս ամենը պետք է դրվի պետական քաղաքականության հիմքում, իսկ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց:
Ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը տալիս են նրանց զինված ծառայողներին հեռացնելու իրատեսական հնարավորություն, ուղղակի պետք է արագ ու ճիշտ գործել:
Մինչև սահմանների որոշման պաշտոնական գործընթացների ավարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինված ծառայողներ, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:

Բայց ի՞նչ է արվում: Օրինակ՝ Տեղի բնակչի հետ կապված միջադեպով էլի շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը, թե Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակիչն է անցել «ադրբեջանական կողմ»՝ տպավորություն ստեղծելով, թե «մեղավորը» նա է, այլ ոչ թե նրա նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ՝ հանցանքներ թույլ տված ադրբեջանական զինված ծառայողները:

Էլի հղում անելով իմ հայտարարությանը՝ հրապարակային փորձ արվեց հերքել դրա ձևակերպումները՝ առանց հաշվի առնելու, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրություններում ամեն ձևակերպում ընտրված է և ունի նպատակային նշանակություն:

Նման քաղաքական մոտեցում առաջ տանողներին պետք է հատուկ բացատրել, որ նման մեկնաբանություններով ադրբեջանական զինված ծառայողներին «թևեր» են տալիս, դարձնում են ավելի սանձարձակ: Թուլացնում են մեր քաղաքացիների իրավունքների միջազգային պաշտպանությունը՝ գեներացնելով խոչընդոտող ապացույցներ: Նման մեկնաբանությունները պետք է վերանան ու վերջ:

Եվ հետո՝ ՀՀ պետական սահմանների չորոշված լինելու պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը: Կամ խաղաղ բնակիչները ինչու՞ պետք է այս քաղաքական սխալ մոտեցումների զոհը դառնան:

Հ.Գ. Տեղ գյուղի բնակչի հետ երեկ անձամբ խոսել եմ, նրա հետ անձամբ ծանոթացել եմ Տեղ գյուղ իմ վերջին այցի ընթացքում` հայրենասեր ու ազնիվ մարդ: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում մեր կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում նրա իրավունքների պաշտպանության համար՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեղ համայնքի բնակիչներից մեկը ոչխարի հոտը տարել է արոտավայր և հայտնվել Ադրբեջանի հսկողությանն անցած տարածում: 

Նշենք, որ հովվին արդեն վերադարձրել են հայկական կողմին:

  • Կիսվել: