ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումները որևէ կապ չունեն անվտանգության հետ․ ՄԻՊ ներկայացուցիչ

ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումները որևէ կապ չունեն անվտանգության հետ․ ՄԻՊ ներկայացուցիչ

ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումները որևէ կապ չունեն անվտանգության հետ, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկմանն ասաց ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը:

Նա ընդգծեց, որ խորհրդարանում հենց լրագրողների համար նախատեսված օթյակում ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակելու հիմքեր չկան։

«Եղել են դեպքեր, երբ լրագրողներին հեռացրել են այն ժամանակ, երբ զգացել են, որ ինչ-որ միջադեպ է հասունանում: Եղել է դեպք, երբ լրագրողին հեռացրել են միջադեպը որոշակի ժամանակ լուսաբանելուց հետո: Այստեղ որևէ իրավական հիմք չկար լրագրողների իրավունքները սահմանափակելու համար», - ասաց ՄԻՊ ներկայացուցիչը:
 

Նունե Հովսեփյանը հիշեցրեց նաև ԱԺ-ում անվտանգության աշխատակիցների անընդունելի գործողությունների մասին։ 

«Անվտանգության աշխատակիցները երբեմն լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառել կամ երբ նկատել են, որ լրագրողը նկարահանում է այդ գործընթացը, ավելի բիրտ ուժ են կիրառել: Մյուս կարևոր խնդիրը անվտանգության աշխատակիցների կողմից ներկայացվող չնկարահանելու արգելքն է: Հնարավոր չէ աշխատանքը կազմակերպել այնպես, որ որևէ անվտանգության աշխատակից չհայտնվի քո օբյեկտիվի առաջ: Բացի այդ, լրագրողները չպետք է զրկվեն էքսկլյուզիվ նյութեր անելու, պատգամավորներին ուղիղ հարցեր տալու հնարավորությունից, իսկ առկա կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս», - ասաց Նունե Հովսեփյանը:

  • Կիսվել: