ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ-ն այսօր էլ պատրաստ է մինչև ուշ աշխատել. ի՞նչ որոշվեց օրենքը փոփոխելու վերաբերյալ

ԱԺ-ն այսօր էլ պատրաստ է մինչև ուշ աշխատել. ի՞նչ որոշվեց օրենքը փոփոխելու վերաբերյալ

InfoPort.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ-ն արտահերթ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հարցին, թե ինչու է նիստը հրավիրվել նման հրատապ կերպով, անդրադարձավ հիմնական զեկույցով հանդես եկող արդարդատության փոխանախարար Վահե Դանիելյանը. «Հրատապությունը պայմանավորված է նրանով, որ առաջիկայում շաբաթ-կիրակի օրեր են և մոտ 600 ինքնամեկուսացված անձինք կան: Նա նշեց, որ կառավարությունը առաջարկում է երկու ընթերցումն էլ կազմակերպել հրատապ»:

«Մենք այսօր էլ պատրաստ ենք մինչև ուշ աշխատել, ԱԺ կանոնակարգով մենք կարող ենք արտահերթ նիստ անել մինչև 23:00- ն, եթե մենք հիմա նույնիսկ 10 րոպեի ընթացքում 1-ին ընթերցմամբ ընդունենք նախագիծը, հարցեր չլինի, քննարկում չլինի, առաջարկներ ներկայացնելու համար երեք ժամ պետք է տրվի պատգամավորներին: Ցանկացած հաշվարկի դեպքում դառնում է 23:00-ից հետո»,-ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա նշեց նաև, որ քանի որ կանոնակարգի համաձայն չեն կարող նիստերը շարունակել 23:00-ից հետո, իսկ վաղը շաբաթ օր է, հետևաբար, ըստ ԱԺ կանոնակարգի, չեն կարող նիստ գումարել նաև շաբաթ օրը։ Միրզոյանը կոչ արեց առաջին ընթերցումը կազմակերպել այսօր, իսկ երկրորդը՝ երկուշաբթի: 

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագիծը չունեն, բացի այդ՝   խորհրդարանն արագ հավաքվել է,  ի՞նչն է պատճառը, որ նախարարը չի եկել, փոխնախարարն է ներկայացել:

Նրան պատասխանեց Դանիելյանը՝ ասելով, որ քանի որ նախագիծը հրատապության հիմքով է բերվել, նպատակահարմար է եղել, որ փոխնախարարը ներկայացնի այս պահին:

Նշենք, որ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Նա առաջարկեց խմբակցությունների ղեկավարների համաձայնության դեպքում երեք ժամից պակաս ժամանակահատվածում առաջարկներ ներկայացնել կամ էլ համաձայնության գալ, որ չկան առաջարկներ ու անցնել երկրորդ ընթեցման։

Մարուքյանն ասաց, որ եթե բոլոր խմբակցությունները պատրաստ են, ապա արտակարգ դրությունից ելնելով՝ իրենք էլ պատրաստ են աշխատել մինչև գիշեր։

Ինչպես նկատեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան՝ եթե օրենքի ընդունման ձևը չի պահպանվել, այն կարող է սահմանադրական խնդիրներ առաջացնել՝ կոչ անելով պահպանել ԱԺ կանոնակարգը։

Խորհրդարանը, ի վերջո, միաձայն՝ 94 կողմ ձայնով, քվեարկեց, որ նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո երկրորդ ընթերցումը կքննարկեն երկուշաբթի, ժամը 11:00-ին:

  • Կիսվել: