ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ արտահերթ նիստում քննարկված փաթեթն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց

ԱԺ արտահերթ նիստում քննարկված փաթեթն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց

ԱԺ-ն քիչ առաջ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նշենք, որ փաթեթին կողմ քվեարկեց 102 պատգամավոր:

Հիշեցնենք, որ հարցը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ավելի վաղ ներկայացրել էր օրենքի լրացումների նախագծերը, որոնց համաձայն առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-ի 3-րդ հոդվածում լրացնել 10-րդ մասը հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով, ինչպես նաև լրացնել 11-րդ մասը հետևյալ բովանդակությամբ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը , որն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 50-ապատակից մինչև 300-ապատիկի չափով։

Քրեական օրենսգրքում առաջարկվում է լրացում կատարել 277․1 հոդվածով՝ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով։

  • Կիսվել: