Այսուհետև կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդն առցանց եղանակով. Գալյանը մանրամասնել է
Այսուհետև կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդը առցանց եղանակով՝ այցելելով Hartak.am կայք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Դրա համար նախ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և նույնականանալ «Ես եմ» ազգային նույնականացման համակարգում : Հարթակ մուտք գործելուց հետո պետք է ներկայացնեք համապատասխան դիմում, ինչպես նաև նշեք ձեր կողմից մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցե, որի միջոցով ապահովվելու է հետադարձ կապը»,- նշել է նա:
«Քայլերի հերթականությունը հետևյալն է․ մուտք գործելով հարթակ՝ ընտրեք քաղաքացիական կացության գրանցումներ, ծննդի պետական գրանցումներ, դիմել առցանց: Համակարգը ավտոմատ կերպով ցույց է տալիս ձեր ընտանեկան կարգավիճակը, հաստատեք տվյալները և անցեք հաջորդ քայլին: Ձեզ ծննդօգնություն տրամադրած առողջապահական կենտրոնի կողմից երեխայի ծննդյան բժշկական վկայականը պետք է արդեն մուտքագրված լինի համակարգում:
Երեխայի տվյալներ բաժնում լրացրեք երեխայի անունը, ազգանուն բաժնում լրացրեք հոր կամ մոր ազգանունը, ազգությունը՝ հոր կամ մոր ընտությամբ, հասցեն՝ հոր կամ մոր հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշը և բժշկական վկայականի հսկիչ համարը մուտքագրելուց հետո երեխայի տվյալներն ինքնաշխատ ներբեռնվում են պետական ռեգիստրից և բժշկական համակարգից: Նշված դիմումի հետ միաժամանակ հնարավոր է դիմում ներկայացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու վերաբերյալ՝ հետևելով քայլերի հաջորդականությանը:
Դիմումը էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո այլևս ենթակա չէ փոփոխման: Դուք դրա ընդունման մասին կստանաք համապատասխան ծանուցում:
Գրանցումն ավարտելուց հետո կձևավորվի ծննդի պետական վկայական, որը կուղարկվի ձեր մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեին»,- բացատրել է նախարարը:



