երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այսուհետ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը պարտադիր նոտարական վավերացում կանցնեն

Այսուհետ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը պարտադիր նոտարական վավերացում կանցնեն

Կառավարություն իր այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության:

Միաժամանակ, վերացվում է նաև Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները սահմանված օրինակելի ձևով կնքելու իրավասությունը: Նախագծի ընդունումից հետո կառաջարկվի նաև ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքի նվիրատվության պայմանգրի օրինակելի ձևը:

Նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի նվիրատվության գործարքների մասով քաղաքացիների և պետության իրավունքների առավել արդյունավետ պաշտապանությանը՝ հաշվի առնելով, որ նոտարներն ունեն առավել լայն լիազորություններ զսպելու հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը, ինչպես նաև առանձին դեպքերում կբարձրանա փողերի լվացման դեպքերի կանխման արդյունավետությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նվիրատվության գործարքների դեպքում առկա է գործարքի իրական նպատակը թաքցնելու, այն է՝ առուվաճառքի գործարքը նվիրատվության գործարքի միջոցով քողարկելու ռիսկ:

Նվիրատվության պայմանագիրը ՀՀ կադաստրի կոմիտեում Կառավարության կողմից սահմանված օրինակելի ձևով կնքելու դեպքում,Կադաստրի կոմիտեն չունի պարտավորություն և իրավասություն պարզելու պայմանագրի կողմի իրական կամքը, տրամադրելու խորհրդատվություն՝ ի տարբերություն նոտարի:

Նվիրատվության գործարքների հնարավոր առավել բարձր ռիսկայնության մասին վկայում են նաև ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալները, համաձայն որոնց՝ վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: Այսպես.

2020 թվականին գրանցվել է նվիրատվության 4017 գործարք Երևանում, 8674 գործարք՝ մարզերում,

2021 թվականին՝ 5882 գործարք Երևանում, 12060՝ մարզերում,

2022 թվականին՝ 7334 գործարք Երևանում, 15765՝ մարզերում:

Վերոգրյալի համատեքստում ակնհայտ է, որ նվիրատվության գործարքների աճն իր մեջ կարող է պարունակել հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել կեղծ և շինծու գործարքներ:

Նշենք, որ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեում եկամուտների ավելացման՝ հաշվի առնելով, որ նախագծի ընդունման պարագայում անշարժ գույքի նվիրատվության բոլոր գործարքները կենթարկվեն նոտարական վավերացման, որոնց մասով էլ ամեն նոտարական գործարքից կգանձվի պետական տուրք:

  • Կիսվել: