չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այսօր երեկոյան քննվելու է Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությունը․ փաստաբան

Այսօր երեկոյան քննվելու է Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությունը․ փաստաբան

Այսօր երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությունը, InfoPort.am-ին տեղեկացրեց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Գուրգեն Խաչատրյանին նախկինում առաջադրված մեղադրանքին ավելացել է ևս մեկը՝ կաշառք ստանալուն աջակցելը։ Այս մեղադրանքը, նկատենք, կապ ունի «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ քրեական գործին։ Այս քրեական գործի շրջանակներում էլ հենց Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Բայց մինչ այդ երեկ գիշերը իրավապահները խուզարկություն են իրականացրել Խաչատրյանին պատկանող տարածքներում։

Այս գործողությունները, ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի, Գուրգեն Խաչատրյանի հայտարարության հետևանքն են։

Հիշեցնենք՝ հայտարարությամբ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը նշել էր, որ «երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»։

Հարցին, թե Խաչատրյանի նկատմամբ գործողություններում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, փաստաբանը պատասխանեց․

«Մենք այս պահին ձեռնպահ կմնանք, որպես փաստաբան, քաղաքական կամ ոչ քաղաքական ենթատեքստ նշելուց։ Ես ասում եմ, որ այն, ինչ Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, դրանից հետո ուղիղ գործողություններ կատարվեցին, դրանք էին՝ մեղադրանքի ծանրացում առանձնապես ծանր հանցագործություններով, կալանքի միջնորդություն, բիզնես տարածքների և բնակարանների խուզարկություն և այլն։ Այսինքն՝ գրեթե բառացիորեն իրականություն է դառնում այն, ինչ հայտարարել էր Գուրգեն Խաչատրյանը»։ Սեդրակ Առուստամյանի քրեական գործին առնչվող և Գուրգեն Խաչատրյանին առաջադրված նոր մեղադրանքը, ըստ փաստաբանի, ակնհայտ անհիմն է ու ենթադրությունների շարան առանց փաստական տվյալի։

«Ունեն հետևյալ փաստական տվյալը՝ Գագիկ Խաչատրյանը ՊԵԿ նախագահն է, որի որդին մեկ այլ տնտեսվարողի հետ ունի փոխառության պայմանագիր և դիտարկում են այսպես՝ եթե մեկ տնտեսվարողը բիզնես գործունեություն իրականացնող անձին՝ Գուրգեն Խաչատրյանին տվել է փոխառություն, և քանի որ Գագիկ Խաչատրյանն էլ ՊԵԿ նախագահն է, համարում են, որ տնտեսվարողը կաշառք է տվել։ Այսինքն՝ չեն մտածում, որ դա իսկապես բիզնես գործունեություն է այն դեպքում, երբ այդ փոխառության պայմանագիրը հիմա էլ գործում է։ Նույն տրամաբանությամբ կարելի է Գուրգեն Խաչատրյանին վարկեր տրամադրած բանկերի մասին նման բան ասել։ Վարույթն իրականացնող մարմինը կարող է ենթադրություններ ունենալ, բայց երբ սա վերածվում է մեղադրանքի, դա անընդունելի է», -մեզ հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը՝ նկատելով, որ փաստեր, ապացույցներ չեն ներկայացվել։

Անդրադառնալով վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հայտարարություններին, որոնք ըստ էության վարչապետի տեսակետն են նաև, Սարգսյանն ասաց, որ նման հայտարարությունները կաշկանդում են իրավապաներին, դատական համակարգը։

«Դրանից հետո ինչպե՞ս պետք է քննիչները, դատախազները, դատավորները ազատ որոշումներ կայացնեն։ Նրանք կաշկանդված են լինելու։ Իհարկե, եզակի դատավորներ կան, բայց ընդհանուր առմամբ փորձը ցույց է տալիս, որ նրանք ի զորու չեն լինելու հակառակվել վարչապետի հայտարարություններին», -նշեց փաստաբանը։

  • Կիսվել: