հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Աշոտ Փաշինյանը նախօրեին տեղի ունեցած միջադեպի գործով տուժող է ճանաչվել. ՔԿ

Աշոտ Փաշինյանը նախօրեին տեղի ունեցած միջադեպի գործով տուժող է ճանաչվել. ՔԿ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, երեկ տեղի ունեցած միջադեպի գործով տուժող է ճանաչվել։ Այս մասին մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Երեկ միջադեպ է տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի միջև, որից հետո Փաշինյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին:

Ըստ ներկայացված հաղորդագրության՝ Վերաքննիչ դատարանի դիմացով անցնելիս հանդիպել է 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել:

Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի:

Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել: Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն:

Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք: Նշենք, որ Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր 72 ժամով, իսկ այսօր սպասվում է առերեսում Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի միջև։

  • Կիսվել: