հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշխատանքային քննարկում՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում

Աշխատանքային քննարկում՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում

Հայաստանի բոլոր դատարանների ներկայացուցիչների, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությամբ ապրիլի 23-24-ը տեղի է ունեցել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ.-ի ռազմավարության նախագծի՝ դատական իշխանությանը նվիրված հատվածի վերաբերյալ դատավորների կողմից բարձրաձայնված խնդիրների և կառուցողական առաջարկների հավաքագրում, որոնք կարտացոլվեն ռազմավարության նախագծում և կհանդիսանան դատական իշխանությանն առնչվող բարեփոխումների առաջնային ուղղություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, անդրադարձ է կատարվել «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի ներդրմանը, սահմանադրական բարեփոխումների համատեքստում դատական համակարգի վերանայմանը, Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսմանը, ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև դատավորներին իրենց լիազորությունների իրականացման գործընթացում խոչընդոտող, դատարանների նյութատեխնիկական ապահովմանն ուղղված մի շարք ընթացիկ հարցեր, ձեռք են բերվել խնդիրների լուծմանն ուղղված պայմանավորվածություններ:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել են ՀՀ արդարադատության նախարարությունը և Եվրոպայի խորհուրդը՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:

  • Կիսվել: