շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առնվազն տարակուսելի է, որ գլխավոր դատախազը նման կերպ է արձագանքել. Հակակոռուպցիոն կոմիտե

Առնվազն տարակուսելի է, որ գլխավոր դատախազը նման կերպ է արձագանքել. Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությանը, որ իրենք տարակուսած են թե ինչպես է վաճառվել կալանքի տակ գտնվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը եւ դիմելու են դատարան:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`«Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից»: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո: Ընդ որում, վերը նշված որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը: Հետևաբար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարտավոր էր առաջնորդվել բացառապես օրենքով և կատարել դատարանի որոշումը։

Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն: Այսպիսով, առնվազն տարակուսելի է, որ գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը»,- ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր տարակուսանքն է հայտնել այն բանի կապակցությամբ, թե ինչպես է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով անցնում է տարբեր քրգործերով, հաջողվել վաճառել իր ճոխ առանձնատունը, որը գտնվում է Երևանի ՛՛Մոնումենտի այգի՛՛ կոչվող էլիտար թաղամասում:

Տունը գնել է նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, ով վերջերս գնել է նաև “Golden Palace” ծաղկաձորյան հյուրանոցը, որն առգրավվել էր ՊԵԿ նախկին պետ Արմեն Ավետիսյանից:

  • Կիսվել: