երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արմեն Չարչյանն ազատ արձակվեց, դատարանը վերացրեց խափանման միջոցը

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց, դատարանը վերացրեց խափանման միջոցը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակեց Արմեն Չարչյանի գործով միջնորդության վերաբերյալ իր որոշումը՝ վերացնելով նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը: Արմեն Չարչյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից:

Դատավորը հայտարարեց, որ խափանման միջոց է ընտրվում ստորագրությունը չհեռանալու մասին: 

Որոշումից հետո նիստերի դահլիճում ծափահարություններ հնչեցին, դրսում Արմեն Չարչյանին դիմավորեցին նրա թիմակիցները:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը կալանավորված է օգոստոսի 23-ից։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Նա օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

  • Կիսվել: