Արման Թաթոյանն արձանագրում է ոչ պատշաճ վերաբերմունք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հոգեբուժարաններում արձանագրել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք, անուշադրություն:
Թաթոյանն այս մասին ասաց ասուլիսում՝ ներկայացնելով հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ զեկույցը:
Արման Թաթոյանը նշեց, որ ընդհանուր առմամբ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցումներ չեն ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտան վեր հանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում: Գլխավոր խնդիր է շարունակում մնալ այն, որ Հայաստանում հոգեկան առողջությունը կենտրոնացված է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ:
Նա հատուկ շեշտեց, որ զեկույցում ուսումնասիրությունները իրականացվել են մի շարք մասնագետների կողմից և հիմնված է բացառապես մասնագիտական սկզբունքների վրա: