չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Առերևույթ կոռուպցիոն հանցագործություններ՝ Տավուշի Արծվաբերդ համայնքում և Սևքարի անտառտնտեսությունում

Առերևույթ կոռուպցիոն հանցագործություններ՝ Տավուշի Արծվաբերդ համայնքում և Սևքարի անտառտնտեսությունում

Տավուշի մարզում շարունակվում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները, հայտնում են ՀՀ գլխավֆոր դատախազությունից։

Այդ շրջանակներում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր չափերի հափշտակության դեպքեր են հայտնաբերվել մարզի Արծվաբերդ համայնքում: Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ և Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արծվաբերդ համայնքի նախկին ղեկավար Կ. Շ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016թ. դեկտեմբերին և 2017թ. մարտին ընդունած 4 որոշումների մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նույն համայնքի 4 բնակիչների կողմից դրամական օգնություններ ստանալու դիմում ներկայացվելու մասին, դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից նրանց անվամբ գումարներ ելքագրել, որոնք վատնման եղանակով հափշտակվել են:

Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նախկին համայնքապետի կողմից 2017թ. հունիսի 5-ի կարգադրության համաձայն համայնքի բյուջեից 999.000 դրամ է հատկացվել փոքր երկաթյա աղբարկղեր ձեռք բերելու և համայնքում տեղաբաշխելու համար, սակայն պարզվել է, որ համայնքի տարածքում տեղադրվել է ընդհանուր 273.600 դրամ արժեքով ընդամենը 38 հատ մետաղյա փոքր աղբարկղ, իսկ մնացած խոշոր չափերի գումարը՝ 725.000 դրամը, յուրացվել է:

Պարզվել է նաև, որ 2017թ. ընթացքում համայնքի տարածքում, համայնքին պատկանող կոմբայնով 70հ ցորենի դաշտերը հնձելու համար նա բնակիչներից կանխիկ վերցված 1.9մլն ՀՀ դրամ գումարից որպես աշխատավարձ, դիզվառելիքի և այլ ծախսերի համար վճարել է ընդհանուր 1.2մլն դրամ, իսկ մնացած խոշոր չափերով գումարը համայնքապետարանի բյուջե չի մուտքագրել և յուրացրել է:

Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել նաև, որ համայնքի նախկին ղեկավարը 2017թ. հոկտեմբերին մի Ա/Ձ-ին Արծվաբերդի գյուղապետարանի հաշվից փոխանցել է զգալի չափերով 500.000 ՀՀ դրամ, որպես գյուղապետարանի ծառայողական ավտոմեքենայի շարժիչ գնելու ծախս: Այդ գումարով ձեռք է բերվել «Տոյոտա Լանդ Կռաուզեր» մակնիշի ավտոմեքենայի շարժիչ այն պայմաններում, երբ համայնքապետարանը նման մակնիշի ծառայողական ավտոմեքենա չի ունեցել: Իսկ գնված շարժիչը տեղադրվել է համայնքի նախկին ղեկավարի անձնական օգտագործման «Տոյոտա Լանդ Կռաուզեր» մակնիշի ավտոմեքենայի վրա և օգտագործվել անձնական կարիքների համար:

ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում նշված դեպքերի առթիվ հարուցվել է 4 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /2 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասի /2 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի քննչական վարչությանը, քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:

Առերևույթ կոռուպցոն հանցագործության դեպք է պարզվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սևքարի անտառտնտեսությունում: Մասնավորապես ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված մասնաճյուղի համապատասխան պաշտոնատար անձինք,  պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2013-2017թթ. որպես սեզոնային բանվորներ գրանցել են Սևքար գյուղի երկու բնակիչների: Սակայն վերջիններս աշխատանքի չեն ներկայացել, աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց անվամբ դուրս գրված շուրջ 6.2մլն ՀՀ դրամ աշխատավարձի գումարը յուրացվել է:
Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ևս հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը:

  • Կիսվել: