չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արդարադատության նախարարությունը մեկնարկեց Ազդարարման համակարգի իրականացմանն ուղղված լայնամասշտաբ իրազեկման արշավ

Արդարադատության նախարարությունը մեկնարկեց Ազդարարման համակարգի իրականացմանն ուղղված լայնամասշտաբ իրազեկման արշավ

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարությունը մեկնարկեց Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագիր և ծրագրի իրականացմանն ուղղված լայնամասշտաբ իրազեկման արշավ:

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական մեկնարկը, որը կրում էր «Ինչպես խթանել և ակտիվ օգտագործել Ազդարարման համակարգը» անվանումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեզինգերը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ովքեր կարևորեցին Ազդարարման արշավի իրականացումը:

Միջոցառմանը համագործակցության հուշագիր ստորագրվեց Նախարարության և ոլորտային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև, որի նպատակն է երկուստեք համագործակցության արդյունքում բարձրացնել ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը հասարակության շրջանում:

Պանելային քննարկման ժամանակ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներն ու հասարակական կազմակերպությունները քննարկեցին Ազդարարման համակարգի օրենսդրական կառուցակարգերը, ազդարարների պաշտպանության մեխանիզմներն ու այլ հարցեր: Ազդարարման համակարգի համապետական արշավի շրջանակում նախատեսվում են իրականացնել մի շարք թիրախային միջոցառումներ՝ ոլորտային քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ: Մասնավորապես, իրականացվելիք գործողությունները ներառելու են ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ մարզային և համայնքային մարմինների, կրթական համակարգի համար, ազդարարման համակարգի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակների նկարահանում, տեղեկատվության տեղադրում պետական մարմինների պաշտոնական կայքերում և այլ միջոցառումներ:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ:

Ազդարարման համապետական արշավն իրականացվելու է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության, Եվրոպական Միության և Հայաստանում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ:

  • Կիսվել: