երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջարկվում է արտաժամյա և գիշերային աշխատանքի դիմաց լրացուցիչ աշխատավարձ հատկացնել հանրային պաշտպաններին. նախագիծ

Առաջարկվում է արտաժամյա և գիշերային աշխատանքի դիմաց լրացուցիչ աշխատավարձ հատկացնել հանրային պաշտպաններին. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձի ֆոնդը 15 տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության նպատակով: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկու առանցքային գործոններով. այն է՝ յուրաքանչյուր տարի գրանցվող Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության կայուն աճով, ինչպես նաև քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու հանգամանքով: Հարկ է նկատել, որ չնայած հանրային պաշտպանների թվաքանակի վերջին ավելացմանըч հանրային պաշտպանների ներկայիս թվաքանակը թույլ չի տալիս նրանց չներգրավել արտաժամյա աշխատանքում»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

Նրա խոսքով՝ դա հանգեցրել է նրան, որ հանրային պաշտպանները, որպես հերթապահություն, ոչ աշխատանքային օրերին և ժամերին մասնակցում են քննչական և այլ դատավարական գործողությունների, կատարում գիշերային արտաժամյա աշխատանք, սակայն դրա դիմաց չեն վարձատրվում:

Նախագծով առաջարկվում է գումար հատկացնել միայն արտաժամյա աշխատանքի համար, ընդ որում՝ գրասենյակի ղեկավարներին և տեղակալներին այն չի հատկացվելու:

Նախարարի տեղակալը որոշ թվային ցուցիչներ ներկայացրեց, ըստ որոնց՝ 2021-ին քրեական վարույթների շրջանակում հանրային պաշտպանները, որպես հերթապահություն, շուրջ 244 անգամ ոչ աշխատանքային օրերին և ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամերին, մասնակցել են քննչական և այլ դատավարական գործողությունների, որից 199-ի դեպքում՝ Երևանում, 54-ի դեպքում՝ մարզերում: Արդեն 2022 թվականին հերթապահությունների քանակն ավելացել է կրկնակի՝ հասնելով 421-ի, որից 307-ը՝ Երևանում, 114-ը՝ մարզերում: 

«Հանրային պաշտպանի գրասենյակի վարած քրեական գործերի քանակը, վերջին 7 տարիների վերլուծությամբ, ավելացել է նախորդող տարվա համեմատ յուրաքանչյուր հաջորդող տարի միջինում մոտ 19 տոկոսով, իսկ քաղաքացիական գործերով՝ մոտ 43 տոկոսով: Ներկայումս 1 հանրային պաշտպանը միջինում վարում է մոտ 210 քրեական գործ»,- ընդգծեց Բալյանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նկատեց՝ հանրային պաշտպաններն իրականացնում են սոցիալական կոնկրետ խմբերի իրավունքների պաշտպանությունը:

«Հիմա, ըստ էության, վարձատրությունն ենք ավելացնում հանրային պաշտպանների՝ ավելի որակյալ ծառայություն մատուցելու մեր քաղաքացիներին»,- ասաց պատգամավորը՝ խնդրելով հայտնել հանրային պաշտպանների թիվը, նրանց միջին աշխատավարձը, որպեսզի հասկանալի լինի՝ որքան գումարի ավելացման մասին է խոսքը:

Բալյանը տեղեկացրեց՝ հանրային պաշտպանների հաստիքային միավորը կազմում է 69, որից 34-ը Երևանում են, իսկ մարզերին հատկացված 35 հաստիքային միավորները բաշխվել են դրույքներով, ինչի արդյունքում 69 թվակազմով ստացվել է 92 հանրային պաշտպան: Հանրային պաշտպանները ստանում են 395 հազար դրամ աշխատավարձ:

«Նախագծի ընդունման արդյունքում սրան կգումարվի լրացուցիչ 15 տոկոսը»,- պարզաբանեց արդարադատության նախարարի տեղակալը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Ղազարյանը, ներկայացնելով հարակից զեկույցը, նշեց՝ նախագծի ընդունումը կնպաստի հանրային պաշտպանի աշխատանքի համար որակյալ կադրերի ներգրավմանը, պահպանմանը, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերում, այն է՝ արտաժամյա և գիշերային աշխատանքի դիմաց լրացուցիչ աշխատավարձ ստանալու հանրային պաշտպանների իրավունքի իրացումը:

Օրենքի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն: 

Ղազարյանը հորդորեց կողմ քվեարկել նախագծին:

  • Կիսվել: