Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին տնային կալանքից տարել են բանտ
Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության բողոքն ու Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին տնային կալանքից տարել են բանտ:
Նշենք, որ երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը քննելու է դատախազության բողոքը, որով նա պահանջում է Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանին տեղափոխել բանտ, եւ որ նա տանը չկրի կալանքը։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 3-ին հայտնել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում, ինչի արդյունքում կան ձերբակալվածներ։
Ըստ ՔԿ–ի` անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, որը քննվում է պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։
Հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Արաբկիրի թաղապետարանի գործով 8 անձի մեղադրանք է ներկայացվել, 3-ը պաշտոնյաներ են։ Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` 2 պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ` տնային կալանքը և գրավը` 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, հանցակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության հոդվածներով։