ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման հարցով ավելի քան 30 հայցադիմում կա դատարանում. Գալյան

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման հարցով ավելի քան 30 հայցադիմում կա դատարանում. Գալյան

Ներկայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30–ից ավելի հայցադիմում կա դատարանում։ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը։
 
Նա ընդգծեց, որ մինչ օրս աղմկահարույց գործերով դատավճիռներ չկան, քանի որ դրանք բոլորը դատաքննության փուլում են։
 
«Ներկայում մենք 30-ից ավելի հայցադիմում ունենք դատարանում, և այդ գործերով դատական նիստերը կայանում են։ Լրատվամիջոցները կարող են գալ և պարզաբանել այդ գործերը, մենք էլ ենք ցանկանում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի այդ գործերի ընթացքից։ Դատախազությունն անում է ամեն հնարավորը, մենք ունենք ժամկետներ և գործում ենք դրանց սահմաններում»,– նշեց Գալյանը։
 
Հարցին, թե, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի հետ կապված ուսումնասիրություն կա դատախազությունում, դատախազը շեշտեց` ինքը չի կարող ասել` որ գործով ուսումնասիրություն կա, որ գործով չկա, պետք է սահմանված օրենքի համաձայն պահի գաղտնիությունը։

  • Կիսվել: