շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անկախ լինելու համար անհրաժեշտ է ունենալ անկախության ներքին զգացողություն. Անահիտ Մանասյանը` մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին

Անկախ լինելու համար անհրաժեշտ է ունենալ անկախության ներքին զգացողություն. Անահիտ Մանասյանը` մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ընդունել է ՀՀ ճանաչողական այց կատարած Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին: ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է իր անցած մասնագիտական ուղին և փորձառությունը` նշելով, որ իր համար Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ոչ թե լոկ աշխատանք է, այլ առաքելություն, որն իրականացվում է ամենօրյա և անընդհատ ռեժիմով, և որ այդ ուղին ընտելով` այլևս պարտավոր ես ծառայել մարդու անքակտելի իրավունքների իրականացման երաշխավորմանը, խթանմանը և պաշտպանությանը:

Հանդիպումը շարունակվել է ուսանողների կողմից մի շարք ոլորտային հարցադրումների ներկայացմամբ, քննարկումներ են ծավալվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերների վերաբերյալ:

Պաշտպանը ուսանողների հետ քննարկել է այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումները, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները, ինչպես նաև Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող հայատյաց քաղաքականությունը։

Պաշտպանը նաև անդրադարձել է ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում առկա անհանդուրժողականությանն ու ատելության խոսքին` նշելով.

«Իրավահավասարության սկզբունքի պահպանումը, ատելության ու անհանդուրժողականության բացառումն իմ աշխատանքի առաջնահերթություններից են։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ փոփոխվի իրավական կրթության մեթոդաբանությունը, իրականացվեն իրավագիտակցության բարձրացմանը միտված աշխատանքներ»:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխավորման կարևորությանը` ընդգծելով, որ անկախ լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ անկախության ներքին զգացողություն։

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հետաքրքիր և բովանդակալից քննարկման համար` ընդգծելով, որ նման ձևաչափով հանդիպումները շատ կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները հասցեագրելու և կառուցողական իրավական միտք ու մշակույթ ձևավորելու համար։

  • Կիսվել: