Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հասցրած հարվածը հարցականի տակ է դնում ՄԶՉՊ արդյունավետությունը. Արաղչի
ԱՄՆ գրոհն Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարված էր միջուկային զենքի չտարածման ռեժիմին եւ ամբողջ միջազգային անվտանգության համակարգին, ինչպես նաեւ կասկածի տակ է դնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) արդյունավետությունը։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Մոսկվա ժամանելուն պես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների նպատակով։
«ԱՄՆ գրոհն Իրանի միջուկային օբյեկտների վրա կասկածի տակ է դրել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, խաթարել միջուկային զենքի չտարածման ռեժիմը եւ բացասական հետեւանքներ կունենա միջազգային անվտանգության համար։ Եվ սա այն մտահոգությունն է, որն այժմ արտահայտել են շատ երկրներ»,- ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։
ՄԶՉՊ-ի համաձայն՝ պայմանագիրն ստորագրող երկրների միջուկային օբյեկտները պետք է գտնվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պաշտպանության ներքո։