շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Անհրաժեշտ են բոլորի միահամուռ ջանքերը՝ կանխելու թմրամոլության տարածումը. ՆԳՆ

Անհրաժեշտ են բոլորի միահամուռ ջանքերը՝ կանխելու թմրամոլության տարածումը. ՆԳՆ

Հունիսի 26-ը Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Թմրամիջոցների անօրինական շրջանառությունը եթե հանցավոր տարրերի համար շահավետ բիզնես է, ապա բնակչության համար այն առողջության դեմ ուղղված հանցագործություն է, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Թմրամոլությունը և թմրամիջոցների անօրինական շրջանառությունը աղետալի վնասներ է հասցնում պետությանն ու հասարակությանը:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կազմակերպվում է առավելապես համացանցի միջոցով, ինչի արդյունքում թմրամիջոցները, ավելի քան երբևէ, հասանելի են բոլորին:

Բացի իրավական և բժշկական հետևողական պայքարից, անհրաժեշտ են նաև բոլորի միահամուռ ջանքերը՝ կանխելու թմրամոլության տարածումը: Թմրաշրջանառության և թմրամոլության դեմ պայքարում անհրաժեշտ է հասարակություն-իրավապահ համակարգ սերտ համագործակցություն, համատեղ ձեռնարկվող միջոցառումներ:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունը համագործակցում է միջազգային տարբեր կառույցների հետ: Համագործակցության շրջանակում իրականացվում է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության տեղեկատվության փոխանակություն:
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է: Այդ ուղղությամբ բացահայտումներ գրանցվում են ամեն օր:
2023 թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 5070 դեպք (2022 թ.՝ 2266). գրանցվել է 2804 դեպքով կամ 123.7%-ով աճ:
2023 թվականին իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 202 կգ 60 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 376 գրամ հոգեմետ նյութեր, 125 գրամ պրեկուրսորներ (2022 թ.՝ թմրամիջոցներ՝ 119 կգ 832 գրամ, հոգեմետ նյութեր՝ 403 գրամ, պրեկուրսորներ՝ 63 գրամ):

ՆԳ նախարարությունը հորդորում է զերծ մնալ թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործություններից. յուրաքանչյուր նման դեպք արժանանալու է քրեաիրավական խիստ գնահատականի»,-նշված է հաղորդագրության մեջ

 

  • Կիսվել: