ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անչափահասների շրջանում թմրանյութերի օգտագործման լրջագույն մարտահրավեր ունենք, պետք է իրականացնել նախականխման լուրջ աշխատանք․ Գլխավոր դատախազ

Անչափահասների շրջանում թմրանյութերի օգտագործման լրջագույն մարտահրավեր ունենք, պետք է իրականացնել նախականխման լուրջ աշխատանք․ Գլխավոր դատախազ

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարծում է, որ իրավապահ մարմինները պետք է փոխեն աշխատանքի մեթոդներն ու մարտավարությունը թմրամիջոցների տարածման դեմ պայքարում։ Աննա Վարդապետյանը նման կարծիք հայտնեց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը  ներկայացնելու ընթացքում։

«Վերջերս գրություն եմ ուղարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Ներքին գործերի նախարարին՝ խնդրելով քրեական վարույթների շրջանակներում համակցված գործողությունների միջոցով և նոր ձևաչափով պլանավորել  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քննությունը։ Թմրամիջոցների օգտագործումը մոդիֆիկացիայի է ենթարկվել։ Այսօր թմրամիջոցները ինչ-որ գունավոր դեղահաբեր են, որոնք շատ գեղեցիկ տեսք ունեն, և դա ամենասարսափելին է։ Որովհետև 90-ականներին, երբ ասում էինք թմրամոլ, ինչ-որ մութ և խավար տեսարաններ էր աչքիդ առաջ գալիս, հիմա շատ գեղեցիկ տեսարան է ի հայտ գալիս, և դա է պատճառը, որ մենք անչափահասների շրջանում ունենք լրջագույն մարտահրավեր այս առումով»,- ասաց դատախազը։

Նա հավելեց, որ այս ուղղությամբ պետք է իրականացնել նախականխման լուրջ աշխատանք։

Նրա խոսքով՝ այս հարցում քննության ձևաչափը լրիվ այլ է։ Դատախազը նկատեց՝ եթե նախկինում հստակ գիտեին, թե ով որ թաղամասում ու ինչ եղանակով  է իրացնում թմրամիջոցը, ապա հիմա դա վիրտուալ տիրույթում գտնվող չարիք է, որը բացահայտելու համար լրիվ այլ գիտելիքներ են պետք։ «Այս ամենը հիմա ուղիղ առնչվում է նաև փողերի լվացման հետ, որովհետև կրիպտոարժույթների փոխանցված և հետագայում արդեն կանխիկացված գումարներ կան։ Բացի դրանից, շրջանառվում են էլեկտրոնային դրամապանակների միջոցով, ուստի փոփոխված ձևաչափով քննությունը և նաև նախականխումը մեր առաջնահերթությունների մեջ են»․- մանրամասնեց Վարդապետյանը։

  • Կիսվել: