Ալիևի ելույթներից կամ ուղերձներից հետո տեղի են ունենում կրակոցներ սահմանին․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները և նյութերի մշտադիտարկումը ադրբեջաներենով վկայում են, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով և ուղերձներով գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, տալիս է սպառնալիքներ, անում վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ: Ընդ որում, նրա ելույթներն այնպիսին են, որ ակնհայտորեն հասնում են ֆաշիզմի:
Ընդ որում, մշտադիտարկումը վկայում է, որ ամեն նման ելույթից կամ ուղերձից հետո տեղի են ունենում կրակոցներ ՀՀ սահմանային գյուղերի, ինչպես նաև այդ գյուղերի անմիջական հարևանությամբ տեղակայված ՀՀ դիրքերի վրա, վիճակն ավելի է լարվում: Տեղի են ունենում փոխհրաձգություններ, գրանցվում են զինվորականների սպանությա ու վիրավորանքի դեպքեր:
Այսինքն՝ առկա է հստակ պատճառական կապ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես իրականացնում է ադրբեջանական իշխանության մարմինների ուղերձերի ու ելույթների ուսումնասիրություն՝ պետական հովանավորչությամբ թշնամանքի ու հայատյաց քաղաքականության ապացույցները փաստագրելու նպատակով:
Նյութերն ուսումնասիրվում են առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով:
Այս ամենն իրականացվում է մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, առկա ոտնահարումները վերացնելու նպատակով»: