չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվել է

Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվել է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի գործը կարճվել է։ Տեղեկությունը հայտնում է Armlur.am–ը` հղում անելով դատախազությանը։
Հունվարի 31-ին խուզարկություններ էին կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 վայրում)։ Ըստ ՔԿ-ի` պարզվել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից:
Վարույթի շրջանակում կալանավորվել էր նաև Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ 11 օր անց դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալների՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի (Անի Գևորգյան) և Լ.Մ.-ի (Լիլի Մկրյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
«Ալեն Սիմոնյանի հարսը ընդունել է մեղքը և իր փաստաբանի միջոցով խնդրել է դատախազությանը գործուն զղջման հիմքով կարճել հարուցված վարույթը»,– գրում է լրատվամիջոցը:
Դատախազությունից հայտնել են, որ նույն հիմքով դադարեցվել է նաև առևտրային կազմակերպության աշխատակիցներ Լ.Մ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ս.-ի, Ա.Ի.-ի և Ս.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը։ Իսկ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարված չլինելու հիմքով:

  • Կիսվել: