կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ալավերդի քաղաքի երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակում կատարելու համար

Ալավերդի քաղաքի երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոս ամսին Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման երկու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու երիտասարդի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ գումարային պարտքերը մարելու նպատակով, Ալավերդի քաղաքի 21-ամյա բնակիչը նույն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող խանութի ոսկյա զարդերը ավազակության եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ 22-ամյա համաքաղաքացու հետ, ձեռք են բերել հանցագործության կատարման միջոցներ, կատարել դերաբաշխում և 2020թ. օգոստոսի 1-ին` ժամը 08:00-ի սահմաններում, վերջինիս վարած «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նշված խանութի տարածք, դարանակալել են խանութի հարևանությամբ գտնվող աստիճանների տակ՝ սպասելով վաճառողուհու գալուն: Ժամը 09:00-ի սահմաններում, երբ վերջինս, աշխատանքի գալով, բացել է խանութի դուռն ու անջատել ազդանշանային համակարգը, երիտասարդները ապօրինի մուտք են գործել ոսկյա զարդերի խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել նրա բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ վերջինիս կյանքի համար վտանգավոր սպառնալիքներով պահանջել և վերցրել են չհրկիզվող պահարանի բանալիները: Չկարողանալով բացել նշված պահարանի բոլոր դռների փականները՝ սպառնալիքն իրական թվացնելու և դիմադրությունը կոտրելու նպատակով, 22-ամյա երիտասարդը մեկ անգամ կրակել է խանութի հատակին, որից հետո կրկին փորձել են բացել փականները և չկարողանալով հափշտակել այնտեղ գտնվող  առանձնապես խոշոր չափերով` շուրջ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերը՝դիմել են փախուստի:

Բացի այդ, ցանկացած գնով ոսկյա զարդեր հափշտակելու մոլուցքից ելնելով, վերջիններս որոշել են ավազակության եղանակով հափշտակել 22-ամյա երիտասարդի ծանոթին պատկանող, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ փողոցում գործող խանութի ոսկյա զարդերը: 2020թ. օգոստոսի 10-ին՝ 11:40-ի սահմաններում,  Ալավերդի քաղաքի վերոնշյալ բնակիչներն ապօրինի մուտք են գործել նշված խանութ, որտեղ 22-ամյա երիտասարդը հարձակվել է խանութի սեփականատիրոջ վրա, ձեռքերով փակել նրա բերանն ու աչքերը, որից հետո վերջինիս նկատմամբ  կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով ամուր սեղմել է նրա պարանոցը՝ առաջացնելով շնչահեղձություն: Այդ ընթացքում 21-ամյա երիտասարդը խանութի ցուցափեղկերից վերցրել է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 21.808.900 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր, և երկուսով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21 և 22-ամյա երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: