ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աղվան Հովսեփյանի գործով ուղղորդված քննություն է իրականացվել, արգելանք է դրվել բոլոր հաշիվների, այդ թվում՝ թոշակի վրա․ փաստաբան

Աղվան Հովսեփյանի գործով ուղղորդված քննություն է իրականացվել, արգելանք է դրվել բոլոր հաշիվների, այդ թվում՝ թոշակի վրա․ փաստաբան

Աղվան Հովսեփյանի գործով վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել մի շարք խախտումներ, ուղղորդված քննություն է իրականացվել, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանական խմբի անդամ Աննա Մանթաշյանը՝ հավելելով, որ շուրջ 45 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող անձին չեն կարողացել մեղսագրել որևէ արարք՝ կապված իր պաշտոնավարման հետ, գործը փրկելու համար այժմ լրատվադաշտը հեղեղված է տարբեր կեղծ տեղեկություններով, ինչով նաև փորձ է արվում ապօրինի ազդեցություն գործադրել արդարադատության նկատմամբ։ 

Պաշտպանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը, ներկայացնելով գործով խախտումները, նախ արձանագրեց, որ 2020թ մարտի 3-ին քրեական գործ էր հարուցվել՝ ձևական, 1,5 տարի Աղվան Հովսեփյանին անգամ հարցաքննելու կարիք չի եղել և այդ գործով առ այս պահը մեղադրանք չկա առաջադրված, սակայն 1,5 տարի անց որոշեցին մեղադրանք առաջադրել Աղվան Հովսեփյանին այն բանից հետո, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Աղվան Հովսեփյանը, որպես հայ մարդ, մտահոգություններ է հայտնել երկրում ստեղված իրավիճակի վերաբերյալ։ Փաստաբանը նշեց, որ Աղվան Հովսեփյանի գույքի վրա արգելանք է դրվել, այդ թվում՝ թոշակի, իբրև օրինականություն են անում՝ ավելի մեծ ապօրինություններով։

Բացի այդ՝ Սարգսյանն ասաց, որ քննությունն իրականացվել է ուղղորդված և այդ հիմքով բացարկ է ներկայացվել քննիչին։ Ինչ վերաբերում է կալանավորմանը, ապա փաստաբանը նշեց, որ դատավոր Դավիթ Արղամանյանը հիմք է հորինել՝ արդարացնելու Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելը, պարզ է, որ Դավիթ Արղամանյանը հստակ խնդիր ունի դրված, որ պետք է անընդհատ երկարացնի կալանավորման ժամկետը։

Մասնավորապես, Աղվան Հովսեփյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննության ընթացքում քննիչը նշել է, որ վկաների հարցաքննություն չի նախատեսվում, պետք է հարցումներ իրականացվեն, որոնց կարող է, իբրև, խոչընդոտել Աղվան Հովսեփյանը, սակայն դատավոր Արղամանյանը դատական ակտում նշել է, թե պետք է հարցաքննվեն վկաներ, իսկ որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո Դավիթ Արղամանյանը մեկ ամիս անց է նյութերն ուղարկել վերաքննիչ դատարան, ինչով, փաստացի, տևական ժամանակ անձը զրկվել է խափանման միջոցի վերանայման, ստուգման իրավունքից։

Փաստաբանը նշեց, որ եթե նման վարքագիծ դրսևորեր, նման խախտումներ կատարեր այլ դատավոր, ապա կարգապահական վարույթների տարափ կիրականացվեր, սակայն այս դեպքում իրենք խուլ և համր են, ոչինչ չեն տեսնում։

  • Կիսվել: