երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Աղջիկս ասում էր՝ մամա, ծեծողները կենտրոնացել էին իմ վրա․ Սեդա Սաֆարյան

Աղջիկս ասում էր՝ մամա, ծեծողները կենտրոնացել էին իմ վրա․ Սեդա Սաֆարյան

Փաստաբան Սեդա Սաֆարյանը իր հարազատների դեմ իրականացրած բռնությունը պատահականություն չի համարում և կարծում է, որ դա պայմաավորված է իր փաստաբանական գործունեությամբ։

«Ի՞նչ է նշանակում երկու տղամարդով խփել, գցել գետնին ու ոտքերով խփել գլխին, մարմնի տարբեր մասերին։ Դա ստորության ի՞նչ աստիճան է։ ես չեմ կարող պատկերացնել, որ սովորական իրավիճակում ինչ-որ մեկը կարող է գալ ու նման բան անել», -այսօր հեռավար ասուլիսում հայտարարեց Սեդա Սաֆարյանը։

Նրա խոսքով, ոչ մի բանական մարդ չի թողնի տղամարդուն և գնա կին ծեծի։ Նա եզրակացրել է, որ բռնարարները կենտրոնացել են հենց իր դստեր վրա՝ ծեծի ենթարկելով աղջկան։

«Այդպես էլ եղել է, աղջիկս ասում է՝ մամա, կենտրոնացել էին իմ վրա ծեծողները ու ինձ էին ծեծում, ընտանիքի մյուս անդամներին էլ ոնց հասել, շպրտել են այս ու այն կողմ, սամասուդ են արել։ Մի խոսքով, տհաճ միջադեպ է եղել։ Տարօրինակն այն է, որ ոստիկանության բաժնում հոլովվել է դատավոր Աննա Դանիբեկյանի անունը և հետաքրքրվում էին, թե մենք ինչ գործ ունենք Աննա Դանիբեկյանի հետ։ Թե այդ դատավորը ինչ գործ ուներ այս ամենի հետ, չհասկացա», -ասաց Սաֆարյանը։

Նկատենք, որ Աննա Դանիբեկյանը Մարտի 1-ի գործով դատաքննությունն իրականացնող դատավորն է։

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին գիշերը ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ դատախազի հանձնարարությամբ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։ Նաև հայտնել էր, որ նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ֊ հետախուզական գործողություններ։

  • Կիսվել: