ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կատարված բռնությունը պատահականություն չէ․ Իրավապաշտպան

Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կատարված բռնությունը պատահականություն չէ․ Իրավապաշտպան

Փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կատարված բռնությունը պատահականություն չէ, այսօր հեռահար ասուլիսում հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, որը նաև փաստաբանական գործունեություն է ծավալում։

«Տղամարդիկ կարող է միմյանց հետ վիճեին տաքարյուն բանավեճ լիներ, բայց հարվածել կնոջը, ծեծի ենթարկել մեծահասակ կնոջը բարոյական նորմերից դուրս է։ Համոզված եմ, որ չիմանալով՝ ովքեր են, երկար չէր շարունակվի վեճը։ Ասյ ամենը պատահական չէ ու միանշանակ, կապ ունի տիկին Սաֆարյանի փաստաբանական գործունեության հետ», -հայտարարեց Կարապետյանցը։
Իրավապաշտպանը եզրակացրել է, որ Հայաստանում փաստաբանները շարունակում են անպաշտպան մնալ։ «Ես համոզմունք ունեմ, որ կատարվածը կապ ունի տիկին Սաֆարյանի փաստաբանական գործունեության հետ», -նշեց Կարապետյանցը։

Նշենք, որ ապրիլի 24-ին գիշերը ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ դատախազի հանձնարարությամբ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։ Նաև հայտնել էր, որ նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ֊ հետախուզական գործողություններ։

Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հստակեցված են տուժողների, միջադեպին մասնակից, առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց հիմնական շրջանակը, միջոցներ են ձեռնարկվում վերջիններիցս մի քանիսին հայտնաբերելու ուղղությամբ։

Հետագա լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, ստուգման առարկա են բոլոր հնարավոր շարժառիթները։

  • Կիսվել: