հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում անցկացվել է երկու հայ զինծառայողների գործով հերթական դատական նիստը

Ադրբեջանում անցկացվել է երկու հայ զինծառայողների գործով հերթական դատական նիստը

Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում շարունակվել է ՀՀ քաղաքացիներ Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի գործով դատավարությունը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշենք, որ ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է «ահաբեկչության», «պետական սահմանի ապօրինի հատման» համար:

ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ հետախուզության հատուկ ջոկատի զորամասի խմբի հրամանատար Իշխան Աշոտի Սարգսյանը և որպես սակրավոր ծառայող Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանը 2021-ի մայիսի 27-ին ականապատման գործողություններ են իրականացրել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Քարվաճառի շրջանի Յուխարի Այրիմ գյուղի տարածքով անցնող ճանապարհներին:

Ինչպես իր ցուցմունքում ասել է ամբաստանյալ Իշխան Սարգսյանը՝ «ինքը հրաման է ստացել ականապատել Քարվաճառի շրջանի ճանապարհները և հետևել է հրամանին»։ Ադրբեջանական ԶԼՄ-նեը հայտնում են, որ Սարգսյանն իբրև թե ասել է, որ Թովուզի ուղղությամբ մարտերի ժամանակ «եղել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը պայթեցնելու հրաման»։

Նշվում է նաև, որ դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին։

 

 

 

  • Կիսվել: